Ոչ պատմական ելույթ. «Հրապարակ»

93Շաբաթ օրվա «պատմական» համագումարին թերեւս ողջ հայությունն էր հետեւում։ Այդ օրը Մարզահամերգայինում տեղի ունեցող իրադարձությունները կարող էին մեր երկրի, մեր հասարակության համար բեկումնային նշանակություն ունենալ։ Բայց «բեկում» չեղավ, պատմական հետեւանքներ էլ, ըստ այդմ, չեն արձանագրվի։ Առաջնորդվեցին ոչ մեկին չնեղացնելու, եղած ռեսուրսները փայփայելու, կուսակցությանը կոնսոլիդացնելու մղումներով։ Չնայած կուսակցության առաջնորդն իր ելույթում նշեց, թե համալրվելուն զուգահեռ նաեւ զտվել են «ՀՀԿ տանիքի ներքո թաքնված՝ սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից», բայց որքան էլ փնտրեցինք, «զտվածների» ցանկը չհայտնաբերեցինք։

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի ելույթը բազում տարընթերցումների ու տարակուսանքի տեղիք է տվել, եւ նրա նախորդ ելույթներին հետեւած անձինք նկատել են, որ «ելույթ գրողը փոխվել է», կամ փոխվել են «ընթերցողի» հայացքներն ու մոտեցումները։ Եթե երկու տարին մեկ հրավիրվող համագումարի ժամանակ ՀՀԿ թերությունների մասին խոսքը սահմանափակվում է կուսակցականների «հրապարակային գործունեության» ժամանակ թույլ տրված սխալների թվարկմամբ, կնշանակի կուսակցության նախագահը դադարել է սխալները նկատել։

Ուր էր, թե ՀՀԿ-ի միակ «մեղքը» լիներ «քամահրական կամ վիրավորական պատասխաններն ընդդիմախոսների» հասցեին։ Եթե իրոք այդպես է, ապա մենք գործ ունենք իդեալական մի կառույցի հետ, որի անդամները պարկեշտության, ազնվության, օրինականության մարմնացումներ են։

Այդ դեպքում հարց է ծագում՝ ովքե՞ր են մեր երկրի կոռուպցիոներները, գանձագողերը, գաղափարազուրկ կարիերիստները, ինտրիգանները։ Դրանք ա՞յլ կուսակցություններում են հավաքված։ Իսկ եթե այդ ամենի մասին չպետք է խոսվի կուսակցության համագումարում, ապա ինչի՞ համար է այդ միջոցառումը։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *