Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը. Լևոն Ստեփանյան

levon-stepanyanMYbookstore  գրախանութի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-22:00-ին, Երևան մոլում տեղի կունենա բարեգործական գրքահավաք-ցուցահանդես` «Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը» խորագրով: Միջոցառման, դրա մանրամասների ու հիմնական նպատակի մասին National.am-ի թղթակիցը խոսել է MyBookstore առցանց գրախանութի հիմնադիր-տնօրեն Լևոն Ստեփանյանի հետ:

MYbookstore առցանց գրախանութը առաջիկայում բարեգործական հետաքրքիր միջոցառում է կազմակերպել, որի մասին վերջերս շատ է խոսվում: Ինչպե՞ս ծնվեց միջոցառման գաղափարը  ու  ի՞նչ է այն իրենից ենթադրում:

— Միջոցառման գաղափարը ծնվեց շատ պատահական: Բոլորիս տներում էլ կան գրքեր, որոնք մենք չենք կարդում, բայց դրանք խնամքով պահում ենք գրադարակներում: MYbookstore-ի թիմը որոշեց այդ գրքերին նոր կյանք տալու հնարավորություն ստեղծել  ու այդ հնարավորությունը ծառայեցնել նաև բարեգործության: Ծանոթ լինելով FUND100  բարեգործական հիմնադրամի աշխատանքներին` որոշվեց կազմակերպել համատեղ միջոցառում, որի հասույթն ամբողջությամբ կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Այսպիսով, մինչև դեկտեմբերի 5-ը յուրաքանչյուրը կարող է  զանգահարել` 091-64-66-15 / 093-13-80-87 հեռախոսահամարներով, թողել հասցեն, մենք սիրով կմոտենանք և  տնից կվերցնենք այն գրքերը, որոնք ցանկանում են նվիրել: Ցուցահանդեսի ժամանակ մեր հյուրերը կարող են մոտենալ և վերցնել ցանկացած գիրք, փոխարենը դրված արկղերից մեկի մեջ թողնել այնքան գումար, որքան Կցանկանան: Հավաքված ողջ գումարը, բոլորի ներկայությամբ, կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանն ուղղված  FUND100  բարեգործական հիմնադրամին:

— Այնուամենայնիվ, ո՞րն է միջոցառման հիմնական նպատակը և արդյո՞ք բարեգործական ուղղվածություն ունեցող միջոցառումները պահանջված են մեր երկրում:

— Միջոցառման հիմնական նպատակը կփորձեմ ձևակերպել այսպես` կյանք տալ գրքերին ու կյանք նվիրել ևս մեկ քաղցկեղով հիվանդ փոքրիկի: Կարծում եմ նման միջոցառումները մեր երկրում, այո, պահանջված են: Գոնե վերջին 2-3 տարիների ընթացքում հաճախ կարող ենք հանդիպել բարեգործական միջոցառումների: Սակայն խնդիրն այն է, որ նման միջոցառումները բավականաչափ չեն լուսաբանվում լրատվամիջոցներով: Մեր հեռուստատեսություններին, լրատվական կայքերին ու թերթերին կհորդորեի ավելի հաճախ անդրադառնալ այսպիսի նախաձեռնությունների ու դրանով կոտրել համընդհանուր հուսահատության մթնոլորտը, որը հաճախ իշխում է մեր երկրում:

Դուք նշեցիք, որ գրքերը ծառայելու են միայն բարեգործական նպատակների, սակայն, վստահ եմ, շատերը կցանկանան իմանալ միջոցառումից հետո մնացած գրքերի ճակատագրերի մասին: Դրանք վաճառվելու ՞ են:

Միջոցառման ամբողջ ընթացքը լինելու է ԹԱՓԱՆՑԻԿ: Գրքերն ու հավաքված գումարը, նորից եմ կրկնում, ուղղվելու են միայն բարեգործության: Եթե ցուցահանդես-վաճառքից հետո մնան որոշ գրքեր, ապա դրանք ՉԵՆ ՎԱՃԱՌՎԵԼՈՒ: Դրանց հետագա կիրառության մասին մենք անպայման տեղյակ կպահենք ու այդ կիրառությունը ևս կլինի բարեգործական: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ յուրաքանչյուր տրված գիրք ծառայելու է միմիայն իր նպատակին:

Այդուհանդերձ MYbookstoreի թիմը կարողացե՞լ է գտնել գործընկերների, ովքեր պատրաստ են կանգնել ձեր կողքին ու աջակցել գրքահավաքցուցահանդեսին:

— Այո, բարեբախտաբար, մեր կողքին կանգնած են հավատարիմ գործընկերներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցելու միջոցառմանը: Միջոցառմանն աջակցում են` Երևան Մոլը, Menu.am ընկերությունը, gg ընկերությունը, Անտարես հրատարակչությունը, Հայաստանի մշակութային հիմնադրամը, Գրքամոլ նախաձեռնությունը, Ավետիսյան Քոնսթրաքշն ընկերությունը, Mydesk ընկերությունը, Yerevannights.comը,  Vela Ուսումնական կենտրոնը: Սակայն կուզենայի նշել, որ մեր գործընկերն է նաև յուրաքանչյուր ոք, ով մասնակից կլինի միջոցառմանը ու կփորձի իր լուման ներդնել այս նախաձեռնությունում: Անկեղծորեն ակնկալում եմ յուրաքանչյուրի աջակցությունը. մեզ մի փոքր բարեգործ զգալու հնարավորություն ընձեռենք` ի վերջո:

Վերջում Լևոն Ստեփանյանը հավաստիացրեց, որ այսպիսի միջոցառումների անցկացումը ավանդույթ է դառնալու MYbookstore-ում, քանի որ նա իրենց հիմնական առաքելությունը համարում է հայ ազգի մեջ գրքասիրության սերմանումն ու դրա տարածումը: Բարին գործել ու երջանկություն նվիրել` ահա այն երկու բաղադրիչները, առանց որոնց նա չի պատկերացնում իր թիմի գործունեությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *