Պատասխանատու կերպով ասում եմ՝ Կարեն Կարապետյանի բերած կադրերն ինձանից լավը չեն. Աննա Գևորգյան

%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1-%d5%a3

Արդեն տեղեկացրել ենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կադրային ջարդ է սկսել Կառավարությունում։ Նա աշխատանքից ազատել էր Հովիկ Աբրահամյանի կադրերին, այդ թվում օգնական Աննա Գևորգյանին։ Վերջինս էլ ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ՝ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար: Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի»։ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Աննա Գևորգյանի հետ՝ մանրամասներ ճշտելու համար։ Վերջինս, չնայած այլևս չէր ցանկանում խոսել թեմայի մասին, սակայն որոշ մանրամասներ ներկայացրեց։

-Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը Ձեզ հեռացրել աշխատանքից։

-Ես ընդամենն ուզում եմ ասել, որ հենց պարոն Կարեն Կարապետյանն էր, որ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պրոֆեսիոնալ կադրը լավ կադրն է։ Ես կուզեի իմանալ, թե որոնք են այն չափանիշները, որոնցով առաջնորդվում է պարոն վարչապետը։ Եթե ինքը տեղյակ չէ, չի ծանոթացել մարդու անցած ճանապարհին, մասնագիտական հմտություններին, լեզուների իմացությանը, մարդու հեղինակությանը, քաղաքում և ՀՀ-ում ունեցած ռենոմեին, ուրեմն արդեն սխալ է։ Ինձ շատ-շատ տեղեր են ճանաչում։

-Ձեր աշխատանքային գործունեությունը կներկայացնե՞ք։

-Ես մինչև Կառավարություն գալը քաղծառայողներին եմ դասավանդել, միջազգային կառույցներում եմ աշխատել, ՀՀ սահմաններից դուրս էլ ունեմ իմ հեղինակությունը։ Ես երկու տարի Ազգային ժողովում եմ աշխատել, ԵԱՀԿ երևանյան գրասենյակում։ Այսինքն, եթե այդ ամեն ինչից ելնելով, չեն ծանոթանում քեզ հետ, չգիտեն քո մասնագիտական հմտությունները, մարդկային որակները, քո նվիրվածությունն, ապա…

Ինձ համար այս պաշտոնը մեծ հաշվով որևէ բան, մեծ հաշվով, չարժի, որովհետև ես ամեն տեղ գործ ունեմ։ Ես անգամ Կառավարությունում աշխատելու ժամանակ եմ տարբեր առաջարկներ ստացել, անգամ արտերկրից։ Ես պարզապես ուզում եմ, որ այն ամպագոռգոռ հայտարարությունները, որ արվում են, կյանքի կոչվեն։ Ստացվում է՝ Դուք հայտարարում եք դա, բայց չեք անում։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինչպե՞ս հույս ունենամ։ Ես, լավ կրթություն ստանալով, հնարավորություն ունենալով արտերկրում աշխատելու, ապրելու, ես մնացել եմ ՀՀ-ում և ուզում եմ պայքար տանել ինձ, ինձ նման մարդկանց ու այն հասարակ ժողովրդի համար։ Ես իմ ներդրումն ունեցել եմ այս երկրի մի փոքր կորիզի համար։ Ինչպե՞ս է լինելու երկրի վիճակը, եթե գալիս են ոչ իմ համար, Ձեր համար, ում համար են եկել։ Ամպագոռգոռ հայտարարություն են անում նաև տնտեսության վիճակի մասին։ Կյանքը ցույց կտա, որ տաշած քարը գետնին չի մնալու։ Ես ուզում եմ իմանալ՝ մեր երկրի վիճակն ի՞նչ է լինելու։ Ես չեմ ուզում գան, հայտարարեն ու գնան։ Ինքն էլ կգնա, հետո նորից մեկ ուրիշը կգնա։ Խնդիրը պաշտոնի մեջ չէ։

-Աննա, Ձեզ ազատել են այն պատճառով, որ Դուք, այսպես ասած, Հովիկ Աբրահամյանի կադրն եք համարվել։

-Ես չգիտեմ, թե նա ինչու է ազատել ինձ։ Որևէ հիմնավորում չի ներկայացվել, ես դիմում չեմ ներկայացրել։ Ես առավոտյան եկել եմ աշխատանքի, իմացել եմ, որ ազատված եմ։ Փորձել եմ իր հետ հանդիպել, ինքն այդ պահին զբաղված էր։ Մենք հետո պետք է խոսեինք, չի ստացվել և շաբաթ կիրակիից հետո, երկուշաբթի ազատել են։ Այսինքն, եթե գոնե ինձ ասեր, որ չի ուզում ինձ հետ աշխատել, իր մարդիկ ունեն, էլի խնդիր չեմ տեսնում։ Բայց ովքե՞ր են իր բերած կադրերը։ Պատասխանատու կերպով ասում եմ, որ իր բերած կադրերը ինձանից լավը չեն։ Ես, եթե իմանամ որևէ տեղ թերանում եմ, ինքս կհեռանամ։ Ես այդ պաշտոնին չեմ հավակնում, անգամ ավելի մեծ պաշտոնի չեմ հավակնում, ես իմ ճանապարհը գիտեմ։

Գևորգյանը ծնունդով Վանաձորից է։ Սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ 2009-2011 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Ըստ մամուլի հրապարակումների՝ աշխատել է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունում՝ որպես ավագ վերլուծաբանի ավագ օգնական, իսկ GIZ-ում աշխատել եմ միջազգային իրավունքի մասնագետ-պրակտիկանտ։ Աշխատել է Ազգային ժողովում։

Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *