Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է վեց երկրաշարժ

24192083ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ից մինչև 14-ը 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որից հինգը` Թուրքիայի տարածքում: Դեկտեմբերի 10-ին Վան քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունն էր 3 բալ (մագնիտուդ 2.4): Թուրքիայում տեղի ունեցած մյուս չորս երկրաշարժերը գրանցվել են դեկտեմբերի 13-ին: Վանից 32 կմ դեպի հարավ-արևելք տեղի է ունեցել 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.2) երկրաշարժ, իսկ Սարայ քաղաքից 40 կմ դեպի հարավ-արևմուտք, համապատասխանաբար` 4 բալ (մագնիտուդ 3.0), 5 բալ (մագնիտուդ 3.7) և 4 բալ (մագնիտուդ 3.1) ուժգնությամբ երկրաշարժեր: Այդ օրը Ադրբեջանի Շամախի քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ (մագնիտուդ 4.5): Ստորգետնյա ցնցումները զգացվել են մոտակա բնակավայրերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտում` 3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 6 երկրաշարժ, որից չորսը` դեկտեմբերի 8-ին: 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևմտյան տարածքում գտնվող Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանում: Վերջինիս հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել 2 մարդ, վնասվել է մոտ 400 շինություն: Երկրաշարժը զգացվել է նաև հարևան Ղազախստանում: 6.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Հյուսիսային Կալիֆորնիայի ափամերձ տարածքում, զոհեր և ավերածություններ չկան: 7.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սողոմոնյան կղզ իների Կիրակիրա քաղաքից 68 կմ դեպի հարավ-արևմուտք: Սեյսմիկ իրադարձությանը հետևել է 5.0 և ավելի մագնիտուդով 53 հետցնցում, որից երկուսը` 6.5 և 6.9 մագնիտուդերով: Հայտարարված հնարավոր ցունամիի վտանգը որոշ ժամանակ անց հերքվել է: Երկրաշարժերի հետևանքով զոհվել է 2 մարդ, տուժել են հարյուրավոր մարդիկ, կան քանդված շինություններ Մակիրա կղզում, այդ թվում` հիվանդանոցը և եկեղեցին, ճանապարհներին կան փլուզումներ, էլեկտրամատակարարման ընդհատումներ են գրանցվել ամբողջ երկրի տարածքում: Դեկտեմբերի 10-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բուգենվիլ կղզու (Պապուա Նոր Գվինեա) Արավա քաղաքից 131 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *