Անձի երկատվածություն. ի՞նչ է կատարվում Շիրակի մարզպետի հետ…

timthumb-6Այն, որ Գագիկ Ծառուկյանի ոչ միայն ակտիվ քաղաքականություն վերադարձն, այլև վերջին այցը Գյումրի, շատերին է ոչ միայն հունից հանել, այլև, ինչպես հիմա կհամոզվեք, խելքից, շատերի համար միգուցե կարող է խիստ տարօրինակ թվալ: Վերջիվերջո, ցանկացած նորմալ մարդու մոտ հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ են ոմանք իրար խառնվել, կորցրել հանգիստն ու անում բաներ, որոնք առողջ բանականության սահմաններից ներս՝ որևիցե կերպ չես կարող տեղավորել:

Այն, որ Ծառուկյանի այցը Գյումրի, որի ընթացքում մեծ բարերարը տասնյակ միլիոնների օգնություն էր հատկացրել երկրաշարժից տուժած կարիքի մեջ գտնվող գյումրեցիներին, կարող էր ոմանց սրտով չլինել, կարելի էր կռահել, թերևս, նախքան սույն այցի կայանալը. նախընտրական այս շրջանը, դատելով ամենայնից, շատերին է խելքահան արել, ու ոմանք սկսել են «Մեր բակի» հայտնի հերոսներից մեկի նման՝ նույնիսկ ճանճի տզզոցը մեկնաբանել սեփական փիլիսոփայության տեսանկյունից:

Վախը, թե Ծառուկյանը կարող է կարևոր խաղաքարտեր խառնել, պարզվում է՝ վերջինիս Գյումրի կատարած այցից հետո խիստ սրվել է հատկապես Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի մոտ, ով, ինչպես հայտնի է, իր վերջին հարցազրույցներից մեկում ոչ ադեկվատ մարդուն վայել արձագանք էր տվել Ծառուկյանի՝ Գյումրի կատարած այցին՝ նպատակ ունենալով, ըստ էության, փրկել սեփական դեմքը խարազանումից: Ճիշտ է՝ հետո շտապել է հերքել իր անիմաստ հայտարարությունները՝ աշխարհին ու ինքն իրեն համոզելով, թե իրեն սխալ են հասկացել, բայց, ինչպես ասում են, եղածը եղած է ու հետողորմյաներով այլևս իրավիճակ չես փրկի:

Եվ ուրեմն՝ մի շատ բնական հարց՝ ի՞նչ է կատարվում Շիրակի մարզպետ Սիմոնյանի հետ: Մի՞թե, այնուամենայնիվ, նրա մոտ անձի երկվության ախտանիշներ են ի հայտ եկել. ասում է մի բան, հետո անմիջապես ինքն իրեն հերքում՝ մի բան, որը, թող կոպիտ չհնչի, հիմնականում բնորոշ է կոնկրետ ախտանիշով տառապողներին: Ինչպե՞ս կարող է պատահել այնպես, որ պետական կարևորագույն պաշտոն զբաղեցնող մեկն, անհարկի տվայտանքների գիրկն ընկած, ասի բաներ, որոնք, բացի ցնորամտություններից, ուրիշ այլ բանի հետ չի կարող ասոցացվել. ո՞ւր է կորել ողջամտությունը…

Բայց այս ողջ պատմության մեջ մի բան անհերքելի է մնում. Ծառուկյանի այցը Գյումրի՝ կատարյալ շոկ է առաջացրել հատկապես նրանց մոտ, ովքեր բացի անիմաստ խոստումներ տալուց, իսկ այնուհետև դրանցից հետ կանգնելուց, ուրիշ ոչինչ գյումրեցիների համար չեն արել, և սա այն պարագայում, երբ ի պաշտոնե պարտավոր էին ոչ թե անիմաստ ճառեր հյուսել ու իրենք իրենց ու շրջապատին թյուրիմացության մեջ գցել, այլ, գլուխները կախ աշխատել՝ ինչ-որ կերպ թեթևացնելու այն ծանր բեռը, որն այսօր ոչ միայն գյումրեցին, այլև Շիրակի ողջ բնակչությունը ստիպված է միայնակ տանել իր փխրուն ուսերին:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի այցին՝ Գյումրի, ապա այս առումով պետք է նկատել, որ այն կողմնակի գնահատականների կարիք ամենևին էլ չի զգում. գնահատատողն ինքը՝ ժողովուրդն է, ու այս հարցում կողմնակի անձանց միջամտությունն ամենևին էլ տեղին չէ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *