«Անառակ որդու վերադարձը»…

պ

Ինչպես նախօրոք հայտարարվել էր, այսօր՝ օգոստոսի 10-ին, Մոսկվայում վերջապես կայանալու է Սարգսյան-Պուտին հանդիպումը: Ասել, թե այս հանդիպումը բավական մեծ կարևորություն ունի Հայաստանի համար, կնշանակեր՝ ոչինչ չասել, քանի որ, խոշոր հաշվով, հենց այս հանդիպման արդյուքներից է կախված լինելու այն հարցի պատասխանը, թե ինչ է սպասվելու մեր երկրին տեսանելի ապագայում՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական հարթակներում: Իսկ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ արդյունքներ կարելի է ակնկալել սույն բանակցություններից, պետք է նախևառաջ ուշադրությամբ քննել այն բոլոր իրադարձությունները, որ տեղի են ունեցել նախքան օգոստոսի 10-ը:

Եվ այսպես, ի մի բերելով ամենը՝ մի բան կարելի է հաստատապես պնդել՝ Հայաստանին առայժմ կհաջողվի խուսափել իրադրաձությունների զարգացման վատթարագույն սցենարից՝ ղարաբաղյան հարցում միակոմանի զիջումներ անելու պարտադրանքից, ինչի մասին է վկայում նաև ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի այն համարձակ ու հաստատ հայտարությունը, թե որևէ միակողմանի զիջման մասին խոսք լինել չի կարող և որ աշխատանք է տարվում՝ երկխոսության միջոցով հասնելու կողմերի միջև վստահության ձևավորման և խնդրի՝ բացառապես քաղաքական ճանապարհով լուծման ուղղությամբ. Մոսկվայում սկսել են հետզհետե գիտակցել, որ բոլոր «ձվերը բացառապես Ալիևի զամբյուղում տեղավորելը» կարող է խիստ թանկ արժենալ Ռուսաստանի համար:

Պուտինի համար այլևս պարզ է մեկ բան՝ Բաքվին Հայաստանի հաշվին ԵՏՄ քարշ տալու անհեռանկարային փորձերը դատապարտված են անհաջողության ու առավելագույնը, որ կարող է Ռուսաստանը ստանալ Ալիևից, ընդգծված հակառուսական քաղաքականություն չվարելն է ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ՌԴ հարավային սահմաններին կից ադրբեջանական տարածքներում ռազմաբազաներ չտրամադրելն է (դրա հավանականությունն իսկ Ռուսաստանին սարսափեցնում է): Իսկ թե ինչ կարող է արժենալ Ռուսաստանի համար Հայաստանի կորուստը, կարծում ենք, նկարագրելն իսկ ավելորդ է, քանի որ որքան էլ ներկա փուլում ռուսներն ու թուրքերը ձևացնեն, թե խենթանում են միմյան համար, նույնիսկ հիմարին է պարզ, որ Թուրքիայի հետ ՌԴ հարաբերւթյունները երբևիցե չեն կարող ռազմավարական բնույթ կրել, իսկ այդ դեպքում զոհասեղանին դնել Պուտինի համար իսկական ջոկեր դարձած Հայաստանը, կատարյալ ապուշություն կլիներ (այն, որ Բաքուն առանձնապես չի պատրաստվում կաշվից դուրս գալ ու պուտինահաճ քաղաքականություն որդեգրել՝ հիմա էլ վերածվելով ռուսական գաղութի, ակնհայտորեն պարզ դարձավ այն ստորացուցիչ ընդունելությունից, որ ցուցաբերվեց Բաքվում Պուտինի նկատմամբ. նրան օդանավակայանում դիմավորելու էր եկել ընամենն Ադրբեջանի փոխվարչապետը):

Այժմ արդեն վստահաբար կարելի է ասել՝ Երևանից Մոսկվային ուղղված ազդակները տեղ հասան, ու երևանյան զինված ապստամբությունն իր բարի պտուղները հետզհետե սկսել է տալ: Բայց հարկ է ընդգծել այն ճշմարտությունը, որ ապստամբությունն այդ ամենևին էլ բարերար ազդցություն չէր ունենալու Հայաստանի վրա, եթե իշխանություններին չհաջողվեր այն մինչև վերջ պահել վերահսկողության տակ ու հանգուցալուծել խաղաղ ճանապարհով. հակառակ պարագայում՝ հաստատապես կարելի է պնդել, որ Հայաստանի դիրքերը միջազգային հարթակներում խիստ թուլանալու էին, ու մեր երկիրը խոցելի էր դառնալու հատկապես ղարաբաղյան բանակցութոյւններում, ինչից, ի ուրախություն մեզ, հաջողվեց խուսափել:

Այնպես որ, բոլոր նախադրյալները կարծես այլևս առկա են՝ պնդելու, որ մոտ ապագայում ղարաբաղյան պատերազմ չի լինի, ու Պուտինն էլ, բացառապես Ալիևի հետ թեյելու ցանկությունից դրդված, իր վաղեմի դաշնակցին հիմարաբար չի դնի Էրդողանի զոհասեղանին: Կրեմլը Անդրկովկասը կառավարելու համար, ամենայն հավանականությամբ, շատ ավելի նուրբ մեթոդների կդիմի ու կանաչ լույս վառելով, մասնավորապես, Իրանի առաջ, կփորձի որոշ դեպքերում միջնորդավորված կերպով ներազդել տարածաշրջանային գործընթացների վրա՝ ջանալով հավասարակշռված քաղաքականություն վարել թե՛ հայերիս, թե՛ թուրքերի ու ազերիների հետ. տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումն այլև չի կարող բխել Մոսկվայի շահերից:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *