Քաղաքական սերնդափոխության հրամակայանը

0

Քաղաքական առողջ օրգանիզմ ունենալու համար առաջնային է առողջ, դատող և տրամաբանող հասարակություն ունենալը: Այդ ժամանակ իշխանություն-հասարակություն հետադարձ կապն  իդեալական է աշխատում: Իշխանությունների համար կարևոր հանգամանք է հասարակությունից ադեկվատ ռեակցիա ստանալը: Եթե պատկերավոր ասենք՝ սա նման է գնդակի, որը հարվածում ես քարե պատի կամ փափուկ բարձի. մի դեպքում գնդակը հետ է գալիս հարվածի կետ նույն արագությամբ, մյուս դեպքում՝ բարձի փափկությունը կլանում է գնդակի հարվածի ողջ ուժը:

Այսօր պետք է արձանագրել, որ հայրենական քաղաքական դաշտում հիմնական խաղացողները քաղաքական կուսակցություններն են: Սակայն մեր հայրենի կուսակցական սեկտորն ունի մի տեսակ պատրիարխիկ բնույթ և չի պատրաստվում կատարել ներքին սերնդափոխություն: Փորձենք մի քանի բառով անդրադառնալ հայաստանյան կուսակցական իրականության հիմնահարցերին:

ՀՀ քաղաքական դաշտի հնաբնակ ԱԻՄ-ն ի սկզբանե Պարույր Հայրիկյանի սեփականությունն է եղել: Չնայած՝ ժամանակ առ ժամանակ Հայրիկյանի կողքին զանազան երիտասարդներ են հայտնվել ու հայտնվում, դա սերնդափոխություն անվանել չես կարող, որովհետեւ, ինչպես միշտ, այդ կուսակցության մեջ առաջին ու վերջին խոսքը պատկանում է Հայրիկյանին: Նույնը կարելի է ասել ԱԺՄ-ի և անձամբ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ: Այդ շարքում կարող ենք առանձնացնել նաև Արամ Զ. և Արամ Գ. Սարգսյաններին՝ իրենց կուսակցություններով: Նմանատիպ պատկեր է Գեղամյանի ու Դեմիրճյանի կուսակցություններում, որոնց նախագահները մշտապես նույնն են: ՀԱԿ-ում բոլոր առումներով եղանակաստեղծ գործոն է համարվում Տեր-Պետրոսյանը: ՀՀԿ-ում ընթացող վարիացիաները ակամայից հիշեցնում են 1940-1950-ականները, երբ հրամանը տրվում էր մի կետից, և ողջ թիմը մոբիլ ու ադեկվատ փորձում էր արձագանքել կոմունիստական կուսակցությանը: Օրինաց-վերածնվածի դեպքում՝ նույնը. չնայած  այդ ուժն արդեն երկրորդ ռեինկարնացիան է ապրում, բայց նորից՝ անփոփոխ ղեկավարով: Ծառուկյանական ԲՀԿ-ն էլ էր այդ մոդելով կառուցված: Չնայած այնտեղ հատուկենտ երևում էին նաև առանձին անհատներ, սակայն նրանց գործունեությունը խամրում էր առաջնորդի ակտիվության կողքին:

Կարող ենք փաստել, որ ՀՀ գրեթե բոլոր կուսակցություններն ընդգծված ու անփոփոխ առաջնորդների կուսակցություններ են. էլ չենք խոսում այն մարդ-կուսակցությունների մասին, որոնց միայն առաջնորդների անուններն են հայտնի (Տիգրան Կարապետիչ, Արշակ Սադոյան, Հրանտ Բագրատյան, Տիգրան Ուրիխանյան, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Խոսրով Հարությունյան, Գառնիկ Իսագուլյան և այլն):

Վերջին տարիների դինամիկան հուշում է, որ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում քիչ թե շատ հաջողության են հասնում ապակուսակցական կամ վերկուսակցական ձևաչափով կազմակերպված շարժումները, որոնց միջոցով ժամանակ առ ժամանակ հիմնականում երիտասարդներից բաղկացած քաղաքացիականները ակտիվանում ու որոշ պահանջներ են առաջ քաշում հանրության առաջ՝ իրենց գործունեությամբ ու օրինակով ցույց տալով, որ կան խնդիրների լուծման այլ տարբերակներ և մոտեցումներ նույնպես: Նոր դեմքերն ու գաղափարները երկրի զարգացման համար ստեղծում են նոր տեսլականներ, և թարմություն բերում քաղաքական մշակույթի մեջ: Տվյալ պահին ՀՀ-ի համար որպես առաջնային ծառացած նպատակ անհրաժեշտ է որակական քաղաքական սերդափոխություն, որն, ինչպես տեսանք նախորդիվ, արդյունավետ չէ անձ-կուսակցությունների գործունեության դեպքում, սակայն լիովին այլ արդյունք կարող է գրանցել հասարակական-քաղաքական շարժումների ակտիվացման պարագայում, որոնք ունակ կլինեն ոչ թե կուսակցական ներկայիս «բոսսեր-ենթականեր» ուղղահայաց համակարգի, այլ հորիզոնական հարաբերությունների կառուցման ճանապարհով կյանքի կոչել քաղաքական սերնդափոխության հրամայականը:

Արտակ Աբովյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *