2 տարբերակ չկա…

timthumb (9)

Կարեն Կարապետյանի մոտ մեկ տարվա ընթացքում այդպես էլ չստացվեց դուրս գալ Գազպրոմի մենջերի իմջից: Գուցե դա է նաև պատճառներից մեկը, որ Կարապետյանը չհաջողեց նաև ի նպաստ Հայաստանի բազմավեկտոր տնտեսական քաղաքականություն կառուցելու գործում: Մեկ տարվա ընթացքում նրա արտասահմանյան այցերը սահմանափակվեցին ԵԱՏՄ շրջանակներում, արդյունքում՝ ներդրումներ կամ նախագծեր՝ արևմտյան կապիտալի ներգրավմամբ, այդպես էլ չկան: Հատկանշական է նաև, որ Կարեն Կարապետյանը, գնահատելով կառավարության մեկ տարվա գործունեությունը, հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության աճն առաջինն է ԵՏՄ-ում, տարածաշրջանում և ԱՊՀ-ում: Լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞ւ մարդիկ դա իրենց մաշկի վրա չեն զգում, Կարեն Կարապետյանը հակադարձել է. «Ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշինը՝ այլ, ո՞նց ենք տարբերելու: Այդ իսկ պատճառով, հարգելի՛ լրագրողներ, ամբողջ աշխարհն ընդունել է հայտանիշների համակարգ, որով գնահատվում է կառավարության աշխատանքը: Մենք այս մեկ ամիսն սկսել ենք հաշվետվություններ տալը և ձեզ նույնպես տալիս ենք: Ընթացիկ մեր ցուցանիշները լավագույնն են ԵՏՄ-ում, տարածաշրջանում ու ԱՊՀ-ում:
Իհարկե, վարչապետը և մեր պաշտոնյաները լուրջ խնդիր ունեն սեփական մաշկի վրա զգալու այն ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որին բախվել է այսօր Հայաստանում բնակվող հայը: Նրանք իրենց մաշկի վրա դա չեն զգում. մաշկերը իրոք տարբեր են: Գուցե գեղեցիկ թվեր նկարելը և հանրությանը դրանք հրամցնելը հոգևոր բավարարություն է տալիս կառավարությանը, բայց թվերով, այն էլ նկարած՝ հասարակությանը չես կերակրի: Կարեն Կարապետյանը, իր մաշկով հանդերձ, կտրված է իրականությունից, հակառակ պարագայում՝ նա կիմանար, որ մենք չունենք առաջատար դիրքեր ոչ՛ տարածաշրջանում, ոչ՛ ԵՏՄ-ում, ոչ՛ էլ ԱՊՀ-ում:
Վրաստանին զիջում ենք բոլոր առումներով, բացի ինովացիաների եւ տեխնոլոգիական պատրաստվածության ցուցանիշներից։ Հարկային բեռն այնտեղ անհամեմատ ցածր է, կոռուպցիայի մասին, կարծում ենք, արդեն այնքան է խոսվել, որ ոչ մի նոր բան չենք կարող ասել։ Շատ վառ արտահայտված տարբերությամբ՝ Վրաստանին զիջում ենք նաեւ ներդրողների պաշտպանվածության ցուցանիշով։ Մրցակցությանը չենք դիմանում նաեւ դրամավարկային ազատության, առեւտրի ազատականության կամ անձնական ազատությունների առումներով։ Իհարկե, Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն դեռ ավելի ցածր է, քան Հայաստանում, սակայն կասկած չկա, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում նրանք առաջ կանցնեն նաեւ այդ ցուցանիշով։ Ադրբեջանին թեեւ գերազանցում ենք որոշ ցուցանիշներով, սակայն ընդհանուր առմամբ՝ այնտեղ բիզնեսով զբաղվելը համարվում է ավելի դյուրին, քան Հայաստանում։ Նրանք մեզ զիջում են կոռուպցիայի եւ անձնական ազատությունների ցուցանիշով, սակայն, օրինակ, ներդրողներն ավելի պաշտպանված են, քան Հայաստանում։ Կամ՝ մինչ մենք խոսում ենք ինովացիոն տնտեսության մասին՝ հեգնանքով ակնարկելով, որ հարեւան երկիրը հույսը դրել է նավթ ծախելու վրա, նրանք ավելի արագ են շարժվում այդ ուղղությամբ։
Կարեն Կարապետյանն իր մաշկի վրա թերևս չի զգում, որ հարկերն ու կոռուպցիան այնքան են ճնշում գործարարներին, որ բիզնեսով զբաղվելը Հայաստանում յուրատեսակ հերոսություն է։ Անվերջ կարելի է խոսել տնտեսական զարգացման, երկրի ներուժի, ՏՏ և ՓՄՁ ոլորտների զարգացման մասին: Այն, որ իշխանության ներկայացուցիչները ճարտար խոսել գիտեն, գաղտնիք չէ, բայց այդպես խոսել շատերը գիտեն, օրինակ՝ ընդդիմությունը ճարտասանության մեջ ոչնչով չի զիջում: Ինչպես ասում են, որքան էլ ասես «տնտեսական զարգացում», դրանից տնտեսությունը չի զարգանա։ Հնարավոր չէ և՛ տնտեսություն զարգացնել, և՛ բավարարել Սերժ Սարգսյանի կամ երկրում վխտող օլիգարխների ախորժակը։ Երկիրը թալանելով, տնտեսությունը չի զարգանա։ Պետք է ընտրել՝ կա՛մ տնտեսական զարգացում, կա՛մ թալան։ Կյանքը և ԱՎԾ-ի թվերը ցույց են տալիս, որ իշխանություններն ընտրել են թալանը։
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *