20 տարի է՝ տնօրեն եք, քանի՞ ներկայացում եք բեմադրել, որի համար գումար եք ստացել հարկատուներից․ մշակույթի փոխնախարար

timthumb (12)

«Մշակույթի նախարարությունն ակնհայտորեն չի ուզում կարգավորել Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի խնդիրը: Մենք ունենք սեփական տարածք, որը պայթած վիճակում է, հիմա էլ նախարարությունն անուն է կպցնում, թե հուշարձան է, ու դրան ձեռք տալ հնարավոր չէ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց  Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ անդրադառնալով դեռևս օրակարգային համարվող մնջախաղի թատրոնի շենքի խնդրին:

Դադասյանի խոսքով՝ թատրոնի անձնակազմն իր գործունեությունն այս պահին ծավալում է պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում՝ համատեղության կարգով, եղել է նաև նախարարության կողմից առաջարկ՝ խումբը տեղափոխել 3-րդ մաս և կրկին համատեղության կարգով աշխատել «Մետրո» թատրոնի անձնակազմի հետ:

«Մեր հիմնական խնդիրն այն է, որ այժմ համատեղության կարգով էլի աշխատում ենք, ու հիմա էլ առաջարկում են կրկին համատեղության կարգով աշխատել մեկ այլ վայրում, որն ավելի վատ վիճակում է գտնվում: Պարզից էլ պարզ է, որ մեզ տարածք տրամադրելու ցանկություն չկա»,- ընդգծեց Ժիրայր Դադասյանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2016 թ․ Մնջախաղի պետական թատրոնին տրվել է տարածք, որի վրա ծախսվել է 8 միլիոն դրամ։ «Սակայն չգիտենք թե ինչու, նախարարության նախկին աշխատակիցները չեն իմացել, որ այդ տարածքի շինությունը պատմամշակութային արժեք է ներկայացնում ու դրան ձեռք տալ հնարավոր չէ, կամ հնարավոր է՝  վերևից եղել է որոշում, որ այդ տարածքը տան Դադասյանին, չեմ կարող ասես»,— ասաց մշակույթի փոխնախարարը:

Ըստ փոխնախարար Նազենի Ղարիբյանի՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ նա 4 ամիս է, ինչ զբաղվում եմ այդ գործով, տարածքներ է փնտրում․ «Մեթոդաբար առաջին քայլը եղել է հասկանալը, թե ինչ տարածքներ կարող են գտնվել նրանց գործունեությունը շարունակելու համար: Ըստ էության՝ պետական գույքը կարող են կիսել երկու ՊՈԱԿ, որտեղ հարմարավետ բոլոր միջոցները կան խորեգրաֆիկի բեմում: Սակայն Դադասյանը հրաժարվում է դրանից՝ պնդելով կամ վերականգնենք իր տարածքը, կամ տրամադրենք նորը»։

Վերջում փոխնախարարն իբրև ՀՀ քաղաքացի և հարկատու, հարց հնչեցրեց՝ 20 տարի է տնօրեն եք, քանի՞ ներկայացում եք բեմադրել, որի համար գումար եք ստացել պետությունից։

Նշենք, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենք ունենալու խնդիրը տարիներ շարունակ եղել և մնում է օրակարգային իրար փոխարինող նախարարների ղեկավարման ժամանակաշրջանում:

Արմիե Միքայելյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *