Քաղաքապետի աթոռի մասին երազող «պրյանիկ» պատգամավորը

RLP (OEK) MP Hovhannes Margaryan speaks about the new internal and foreign political developments in Henaran press club

Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց՝ օրենքներ են ընդունում ու մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու երևի թե սրտատրոփ սպասում 2017-ին. մեկ էլ տեսար՝ վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչեւ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ մեկ առ մեկ ներկայացնելով նրանց անցած ուղին:

Lurer.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է:

Ծնվել է 1964թ. մայիսի 21-ին, Լենինականում (Գյումրի):

1985թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը, 1993թ.՝ Մոսկվայի մարզի (ՌԴ) Սերգիեւ-Պոսադի համառուսաստանյան ԳՀԻ ասպիրանտուրան. սննդարդյունաբերության ճարտարագետ, ճարտարագետ-հետազոտող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:

1986-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987-1989թթ. աշխատել է Ախուրյանի շրջանի Բայանդուր գյուղի թռչնաբուծական ֆաբրիկայում՝ որպես ճարտարագետ, կաթսայատան վարիչ, 1989-1990թթ. Լենինականի հղկող հաստոցների գործարանում’ առաջատար ճարտարագետ-ջերմատեխնիկ: 1994թ. եղել է Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն: 1996թ. ընտրվել է Գյումրու «Հրուշակեղենի ֆաբրիկա» ԲԲԸ նախագահ, 2002թ.՝ Գյումրու ավագանու անդամ:

2003-2007թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ):

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից:

13 տարի ԱԺ-ում է: Համաձայնե՛ք, լուրջ թիվ է մեր երիտասարդ պետության համար: 13 տարի է՝ այս պարոնը բարձր ամբիոններից խոսում ու աշխատում է Գյումրու անունից: Իսկ խոսում է բավականին շատ:

Parliamentmonitoring.am կայքի տվյալներով ՝միայն վերջին 4 տարիների ընթացքում Մարգարյանը 168 հարց է հնչեցրել, 136 ելույթ ունեցել: Ակտիվ է եղել նաև բացակայելու հարցում՝ ունի 143 բացակա:

Այս տարիների ընթացքում նա բազմիցս հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով, անխոս, ի նպաստ Գյումրու քայլեր է կատարել՝ փորձելով միշտ երևալ դրական քողի տակ:

Հենց այդ քողով էլ նա քայլ էր անում դեպի Գյումրու քաղաքապետի աթոռ, երբ հոկտեմբերի 2-ի ընտրություններից առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որը պատմում էր, թե ինչպես է պարոն պատգամավորը, որ այն ժամանակ հրուշակեղենի տնօրեն էր, յուրացրել 88-ի աղետից հետո Գյումրուն ուղարկված հսկա ծավալով կաթի փոշին, փորձել այն վաճառել և հայտնվել ճաղերից այն կողմ…

Հոկտեմբերի 3-ին՝ ընտրությունների ժամանակ, Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ թեմային՝ այդ ամենը զրպարտանք համարելով…

«Հոկտեմբերի 3-ից հետո բոլոր զրպարտողները պատասխանատվության կենթարկվեն։ Ինձ այդ օրերին շանտաժի են ենթարկել: Տարածված տեսանյութը հատուկ գաղտնի տեսաերիզ է եղել, օպերատիվ հետախուզական, որ մոնտաժվել է։ Ես ունեմ փաստեր, թե ով է ում վաճառել այն, և տարածողն ու մոնտաժողը պատասխանատվության են ենթարկվելու։ Ես չեմ եղել որևէ գործով դատապարտված, ինձ փորձել են բանսարկել, բայց արդարությունը հաղթել է։ Գյումրին գիտի դա։ Նյութերի հեղինակը հայտնի լրագրող է, ում անունը կհրապարակեմ»….

Հոկտեմբերի 3-ը վաղուց է անցել: Դեռ ոչ մի անուն չի հրապարակվել: Մարգարյանը լռում է, իսկ մենք հիշում ենք մեկ այլ դեպք՝ կրկին կապված Մանուկյանի ու իր հրուշակեղենի գործարանի հետ…

Տարիներ առաջ, հերթական ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ պատգամավորը Գյումրիում լրագրողների սիրտը շահելու համար պարբերաբար նրանց «պրյանիկներ» էր առաջարկում, մերժվում նրանց կողմից: Փոխարենը՝ Գյումրիում շատերը նրան հիշում են հենց «պրյանիկ» մականվամբ…

Քաղցրեղեն բաժանելու նկատմամբ սերը Մարգարյանը երևի ժառանգել է իր սիրելի կուսակցությունից՝ ՕԵԿ-ից, որն էլ հայտնի է իր մուրաբաների բաժանմամբ…

Հայտնի է նաև մեռնելու ու վերածնվելու պատմություններով՝ ճիշտ այնպես, ինչպես վերածնվեց վերջերս ու մասնակցեց ՏԻՄ ընտրություններին:

Դե, ինչպես ասացինք, Գյումրիում կուսակցության ցուցակը գլխավորում էր Մարգարյանը, ով պետք է պարտություն կրեր հիշյալ տեսանյութի հրապարկումից հետո, սակայն կարողացավ իր կուսակցական ցուցակով հայտնվել 3-րդ տեղում՝ հետևում թողնելով շատերին:

Իհարկե՝ այստեղ ևս չլռեցին քաջատեղյակ լեզուները և պատմեցին, որ նրան օգնել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ գործի դնելով իր ողջ ներուժը…

Ամեն դեպքում, Մարգարյանը մնաց առանց քաղաքապետի բաղձալի աթոռի՝ հուսալով, որ 2017-ին էլ առանց մանդատի չի մնա:

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *