2018-ի իշխանության շնորհանդեսը…

timthumb

«Տաշիր» ընկերությունների խումբը «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ՝ առաջիկա տարիներին կիրականացնի 1 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Այս մասին հայտարարվեց այսօր, Երևանում, «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի կազմակերպած միջոցառման ժամանակ: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանը, պաշտոնյաներ և գործարարներ:
Սերժ Սարգսյանն օրեր առաջ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խորհրդավորություն էր ստեղծել նոյեմբերի 13-ի շուրջ` ասելով, թե այդ օրը Երևանում տեղի է ունենալու Ներդրողների ակումբի մեկ միլիարդանոց ներդրումային ծրագրի շնորհանդեսը:Ավելի ուշ՝ այս տեղեկատվությունը հաստատել է Կարեն Կարապետյանը: Սամվել Կարապետյանը գործող վարչապետի տնտեսաքաղաքական հովանավորն է, այն մարդը, ով մի քանի այլ տասնյակ ռուսաստանցի հայ գործարարների հետ միասին խոստացել է երեք միլիարդ ներդրում անել Հայաստանում, այլ խոսքով՝ հենց այդքան է գնահատել Հայաստանի իշխանության գինը: Ներդրողների ակումբը նաև այն ինստիտուտն է, որը, Կարեն Կարապետյանի բնորոշմամբ, պետք է նոր մշակույթ ներմուծի Հայաստանի տնտեսական հարաբերություններում: Այսօր մեկ միլիարդի հասնող ներդրումային պորտֆելի մասին հայտարարվեց պաշտոնապես: Միջոցառման ժամանակ հայտարարվեց՝ ծրագրի ամենակարևոր ուղերձն է՝ «սա ներդրում է Հայաստանի ապագայի համար»: Այսինքն՝ կրկին չկա հստակություն, թե էներգետիկ ոլորտում հատկապես որ նախագծերի իրագործմանն է ուղղվելու այս գումարը: Եթե խոսքը գնում է մեկ կամ երկու նոր ՀԷԿ-ի կառուցման մասին, ապա հասկանալի է՝ դրանից տնտեսությունն առանձնապես չի շահելու: Ավելի հավանական է, որ Ներդրողների ակումբի անդամներն առաջնորդվում են գումարներ ներդնելու և շուտափույթ կերպով այդ գումարները վերադարձնելու ցանկությամբ, ընդ որում՝ վերադարձնելու ինչպես գումարի, այնպես էլ իշխանության տեսքով:
 
Աչքի է զարնում միջոցառմանը Ներդրողների ակումբի փաստացի կնքահոր՝ վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայությունը: Փոխարենը Սամվել Կարապետյանի կողքին մենք տեսնում ենք նախագահ Սարգսյանին: Ավելորդ չէ հիշեցնել, որ երբ խորհրդարանական քարոզարշավի օրերին Կարեն և Սամվել Կարապետյանները ստեղծեցին Ներդրողների ակումբը, Սերժ Սարգսյանը ոչ միայն բացակայում էր Երևանից, այլ առաջնագծում ունեցած, ըստ էության, նախընտրական ելույթով ամրագրում էր իր անփոխարինելիությունը, ստվերում էր Երևանում տեղի ունեցածի նշանակությունը: Հիմա Սերժ Սարգսյանն անում է տրամագծորեն հակառակը. խոսում է Ներդրողների ակումբի միլիարդանոց ներդրումների մասին` ակնհայտորեն փորձելով ցույց տալ իշխանության, իր ու Կարեն Կարապետյանի կոնսոլիդացիան: Պարզունակ կլինի ենթադրել, որ Սարգսյանը նման բացահայտ կերպով զբաղված է Կարեն Կարապետյանի՝ 2018-ի վարչապետության PR-ով: Դա բացարձակապես Սերժ Սարգսյանի ոճը չէ, մանավանդ, որ նա իրեն ամենևին չի զգում «կաղ բադիկի» քաղաքական կարգավիճակում: Մնում է ենթադրել, որ 2018-ի վերաբերյալ իշխանության էլիտայում համաձայնությունները կայացվել են և այսօր Երևանում, ըստ էության, կայացել է ոչ թե ներդրումային ծրագրի, այլ` 2018-ի իշխանության շնորհանդեսը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *