Խորտակվող նավի նոր նավապետը…

0

Կարեն Կարապետյանի՝ հայաստանյան իրականություն մուտքով սկզբնավորված ներքաղաքական վերադասավորումները հեզհետե թևակոխում են է՛լ ավելի վճռորոշ փուլ, որի բաղադրիչ մասն է հանդիսանում նաև Կարապետյանին հանրապետականացնելու գործընթացը. սպասվում է, որ ՀՀԿ ԳՄ նիստին հայտարարելու են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կուսակցության շարքերը համալրելու մասին: Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետն առաջիկա օրերին ոչ միայն դառնալու է հանրապետական, այլև գալիք համագումարում ընտրվելու է կուսակցության փոխնախագահ:

Այսպիսով՝ բոլոր այն խոսակցությունները, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում փորձելու է Կարեն Կարապետյանից ստանալ յուրատեսակ կուսակցական բրենդ՝ նրա անվան ներքո ՀՀԿ-ին առաջնորդելու դեպի 2017-ի խորհրդարանական ընտրություններ, ճշտվեցին. շուտով «Կարեն Կարապետյան» անունը միանգամայն արհեստականորեն նույնականացվելու է «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» անվան հետ:

Լավ է դա, թե՝ վատ, իհարկե, առանձին քննարկման թեմա է, բայց այստեղ առավել կարևոր է մեկ այլ հարց. ինչո՞ւ են իշխանությունները շտապում կուսակցականացնել Կարապետյանին: Սրա պատասխանն, ինչ խոսք, առավել քան պարզ է. ՀՀԿ-ն, որ կադրային սովի մեջ է հայտնվել դեռևս վաղ ժամանակներից ու լիովին իրեն սպառել, ամեն կերպ փորձում է սեփական շարքերը համալրել խելացի, իրական պոտենցիալ ունեցող մարդկանցով՝ բարեփոխելու համար այն բացասական կերպարը, որի կրողը տարիներ շարունակ հանդիսացել է: Ասել կուզի՝ պատրաստակամություն հայտնելով Կարապետյանի համար դառնալ քաղաքական հենարան՝ ցանկանում են վարչապետի հնարավոր դափնիներն ու ձեռքբերումները նույնականացնել իրենց հետ ու ժողովրդի շրջանում ստեղծել սպասման մթնոլորտ, թե եթե մեկ անգամ ևս վստահության քվե շնորհեն ՀՀԿ-ին, չեն փոշմանի:

Բայց ակնհայտ է, որ նման գավառական մտածելակերպով առաջնորդվելը չի կարող սպասված արդյունք տալ հենց միայն այն պատճառով, որ ժողովրդի «աչքին թոզ փչելու» պրակտիկան դարձել է այլևս մի անհույս ու խղճուկ «տրյուկ». ոչ ոք հիմար չէ ու շատ լավ հասկանում է, որ Կարապետյանը ոչ մի կապ ՀՀԿ-ի հետ չի կարող ունենալ ու կուսակցական անդամատոմս շնորհելով ոչնչի չես հասնի. այս ամենն արհեստական գործընթաց է, որի հիմնական նպատակը ՀՀԿ հեգեմոնիան պաշտպանելն ու ամրապնդելն է: ՀՀԿ-ն վաղուց է գործնականորեն ու տեսականորեն ապացուցել, որ սպառված քաղաքական ուժ է, վարկաբեկված միավոր, որ նույնիսկ նորմալ ու պետքական կադրեր չունի իր տրամադրության տակ. Հովիկ Աբրահամյանի ու նրա կառավարության ֆիասկոն՝ այս ամենի անքննարկելի ապացույց:

Ավելորդ չէր լինի նկատել նաև, որ իրեն որպես Կարեն Կարապետյանի քաղաքական հենարան մատուցել փորձող Հանրապետականը ակնհայտորեն գերագնահատում է իր ուժերն ու ամեն կերպ փորձում չնկատելու տալ նաև այն ակնառու եղելությունը, որ ինտելեկտուալ ու բանիմաց մարդկանց արհեստական քաղաքական հենարաններ անհրաժեշտ չեն, նրանք իրենք կարող են իրենց համար քաղաքական հենարան ստեղծել. ունեն դրա թե՛ պոտենցիալը, թե՛ համապատասխան բանաձևերի են տիրապետում:

Կասկած լինել չի կարող այն բանում, որ մենք ներկայումս ականատես ենք դառնում ՀՀԿ-ի վերջին փորձերին՝ մնալու ջրի երեսին, չխորտակվելու, ինքն իրեն ու հանրությանն ապացուցելու, որ դեռևս կենսունակ ուժ է, պատրաստ՝ երկրի կառավարման ողջ բեռը պատվով տանելու: Ակնհայտ է, սակայն, որ որքան էլ ՀՀԿ-ն փորձի չտեսնելու տալ իրականությունը, փաստ է, որ այլևս մոտենում է ժամանակը, երբ կուսակցությունը հոժարակամորեն, թե ստիպողաբար, պետք է լիկվիդացվի՝ դաշտը զիջելու նրանց, որոնք առավել կենսունակ կլինեն, որոնք նոր խոսք ու կառավարման մշակույթ կբերեն հայկական իրականություն. այդ օրն, ի դեպ, այնքան էլ հեռու չէ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *