2040-ին 4 մլն բնակչություն ունենալը ռեալ չէ. ժողովրդագետ

timthumb (1)

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ անդրադառնալով ՀՀ-ում բնակչության աճին՝ ընդգծել է, որ համազգային նպատակ է մինչև 2040թ.-ը Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելը, որը, ըստ Նախագահի, թեև դժվարին, բայց իրականանալի խնդիր է:

Թե որքանով է իրատեսական նախանշված թիրախային նպատակին հասնելը, ինչպես կարող ենք հասնել դրան և այլ հարցերի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հետ:

«4 միլիոն բնակչության հասնելու համար երկու ճանապարհ կա: Առաջինը՝ պետք է ունենալ բավականին լավ բնական աճ, ծնելիության բարձր ցուցանիշ, մահացության ցածր ցուցանիշ: Մեր ներկայիս բնական աճի ցուցանիշով 2040 թվականին ոչ մի ձև, հնարավորություն չունենք հասնելու նման թվաքանակի:

Այս տարվա տվյալներով, 2016 թ. թվերի համեմատ գրանցվել է 10 % ծնելիության անկում, և այսպիսի բնական աճի պայմաններում մենք նախագահի նշած ցուցանիշը չենք կարող ունենալ: Վերջին տվյալներով՝ մեր բնակչությունը մոտավորապես 2 մլն 891 հազար է, և եթե առաջին ամսվա տվյալներով ունենք մոտավորապես 7500 բնական աճ, ապա արդեն իսկ 2025 թվականին ունենալու ենք բացասական բնական աճ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մահերը գերազանցելու են ծնելիությանը, եթե միջոցառումներ չձեռնարկվեն:

Ժողովրդագետի կարծիքով՝ բնակչության աճի հասնելու երկրորդ ճանապարհը ներգաղթն է, որի համար, սակայն, նախադրյալներ են պետք. «Այսօրվա դրությամբ՝ այդ նախադրյալները չկան: Մենք միգրացիայի բացասական մնացորդ ունենք, մարդիկ ավելի շատ գնում են, քան վերադառնում: Պետք է նշեմ, որ այս երկու գործոններն էլ բնակչության աճ չեն ապահովի»,- նկատեց Մարկոսյանը:

Մարկոսյանը նշեց, որ սա համապետական խնդիր է, որի համար պետք է ծրագիր մշակել, թե ինչպես հասնել 4 մլն բնակչության. «Մեզ համար ոչ թե ներգաղթն է խնդիրը, այլ մեր ամենամեծ խնդիրը ծնելիության մակարդը պահպանելն է, որովհետև 10 տոկոս անկումը շատ լուրջ խնդիր է մեզ համար: Եթե այս տեմպերով շարունակվի, մենք 2020-2021թ.թ.-ին արդեն իսկ կունենանք բացասական ցուցանիշ»,- նշեց նա՝ հավելելով, որ հարկավոր է նախևառաջ ներկայացնել հստակ կետերով ծրագիր:

Ժողովրդագետը համոզված է՝ ներկայում եղած ժողովրդագրական գործընթացներով՝ այդ թվաքանակին հասնելը ռեալ չէ:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *