Այո՛, սա դրսի ուժերի ձեռքի գործն էր. Մանվել Գրիգորյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին

0

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը կարծում է, որ հոկտեմբերի 27-ի դեպքերն ամբողջությամբ բացահայտված են: Այսօր Եռաբլուր պանթեոն հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև ԵԿՄ վարչության անդամները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Խոսելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին՝ Մ. Գրիգորյանը նշեց, որ նա այն մարդն էր, ով կարողացավ հայկական բանակը ստեղծել ու ֆիդայական շարժումն առանձնացնել բանակից: «Դեռ այն ժամանակ Ադրբեջանին ու Վրաստանին չհաջողվեց դա, բայց Վազգենը կարողացավ: Նա թույլ չտվեց, որ մենք մեր ձեռքով մեր պետականությունը վնասենք, սակայն կարողացավ կանոնավոր բանակի հիմքերը դնել: Նա ինչ ծրագիր նախաձեռնում էր, մեր հետ միասին, առջևից քայլելով գնում էր»,- հիշում է Վազգեն Սարգսյանի ընկերը՝ Մանվել Գրիգորյանը:

Ի պատասխան հարցին՝ «ի՞նչ կլիներ, եթե նա ողջ լիներ», Մանվել Գրիգորյանը նշեց, որ ամեն ինչն էլ իր հունով ընթանում է և կապ չունի, թե ով է այսօր ողջ, ով՝ ոչ: «Մարդիկ միայն հույսեր էին կապում նրա հետ»…

Մ. Գրիգորյանի կարծիքով՝ հոկտեմբերյան այդ ոճրագործությունը թշնամու ձեռքի գործն է. «Թշնամին հայի ձեռքով վնասեց մեզ, մեր պետությանն ու անկախությանը, ամեն ինչին: Պարզ է, որ դա թշնամու ձեռքի գործն է: Վազգենին ֆիզիկապես սպանեցին, իսկ որպես մարդ՝ նրան ոչ ոք չի կարող վերացնել: Այդ օրը գնդակահարվածները բոլորն էլ լուրջ պետական գործիչներ էին, նրանց վնասելով նրանք փորձեցին վնասել մեր պետականությանը»:

Մանվել Գրիգորյանի խոսքով՝ հոկտեմբերի 27-ը մեր պետության ոչ թե ամոթալի, այլ ցավալի էջերից մեկն է, որը եղել է բացառապես թշնամու գաղափարը. «Նա այսօր էլ փորձում է մեզ վնասել՝ սահմանում ստեղծելով լարվածություն: Ով էլ որ այդ ոճրագործությունը կատարել է, նա հայ ազգի թշնամին է՝ լինի հայը, թե թուրքը, թե որևէ մեկ ուրիշը: Այո՛, սա դրսի ուժերի ձեռքի գործն էր, որովհետև Նաիրին իր եղբայրների հետ դրսերում էր եղել ու դրսերում էր պարտրաստվել»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *