Անհաշտ ախպերություն

Այսօր Անթալիայում ընկերական հանդիպում են անցկացնում Թուրքիայի և Ռուսաստանի ֆուտբոլային ընտրանիները: Պաշտոնական Անկարան շատ է ցանկանում, որ ռուս-թուրքական նոր մերձեցումն ամրապնդվի «ֆուտբոլային դիվանագիտությամբ»: Նախագահ Էրդողանը ցանկություն է հայտնել խաղը դիտել Պուտինի ընկերակցությամբ՝ մարզադաշտում: Թուրքական մամուլը նույնիսկ գրեց, որ ՌԴ նախագահն օգոստոսի 31-ին ժամանելու է Անթալիա: Նախօրեին, սակայն Պուտինի մամուլի խոսնակը կտրականապես հերքեց այդ լուրը:

Չնայած ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցմանը, այդ երկու պետություններն ունեն սկզբունքային անհամաձայնություններ, որոնք դրսևորվում են հատկապես Սիրիայի հարցում և այդ երկրի նախագահ Բաշար Ասադի քաղաքական հեռանկարի հետ կապված:

Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ են նաև մեր տարածաշրջանում: Մի խոսքով՝ դժվար է խոսել ռուս-թուրքական ռազմավարական գործակցության մասին:

Այս երկու երկրներին միավորում է նրանց առաջնորդների քաղաքական մտածողության և վարքագծի ընդհանրությունը:

Ինչպես դիպուկ բնորոշել է արևմտյան մամուլը՝ խոսքը «ցար Պուտինի և սուլթան Էրդողանի բարեկամության մասին է»:

Ակնարկն ավելի քան ակնհայտ է, Ռուսաստանի և Թուրքիայի գործող նախագահներին միավորում է կառավարման տոտալիտար բնույթը: Թե Էրդողանը, և թե Պուտինը չեն հանդուրժում ընդդիմախոսությունն ու այլակարծությունը և իրենց հասարակություններին միավորում են ազգայնական պրիմիտիվ կարգախոսներով:

Երկու առաջնորդներին միավորում է նրանց մերժումն արևմուտքի կողմից: Այս հանգամանքը նույնպես Էրդողանն ու Պուտինն օգտագործում են իրենց հասարակություններին մոբիլիզացնելու համար՝ «արտաքին թշնամուն» հակազդելու նպատակով:

Պուտինն ու Էրդողանը կարծում են, թե իրենց երկրներն ուրույն զարգացման ճանապարհ ունեն: Դրանում էլ նրանք ինքնատիպ չեն և ավելի մեղմ հռետորաբանությամբ կրկնում են այն, ինչ ժամանակին արել են Ստալինը կամ Հիտերը: Սակայն, Պուտինի և Էրդողանի քաղաքական վարքագծերի ամենաընդհանրական գիծը նրանց անկանխատեսելիությունն է: Այնպես որ, առկա է Պուտին-Էրդողան ախպերություն, սակայն ոչ այնքան ջերմ ու հաշտ:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *