Դուք ինքներդ ձեզ հարգո՞ւմ եք…

Աշխարհում, վստահաբար, շատ չեն այն երկրները, որոնց ներքաղաքական գունապնակը նույնքան երփներանգ ու բազմագույն լինի, որքան մի բուռ Հայաստանինն է: Չնայած այստեղ կուսակցությունների պակաս, ինչպես հասկանում եք, երբեք էլ առանձնապես չի զգացվել, բայց այն, ինչ կատարվում է վերջին ժամանակներս, այլ կերպ, քան պոմուլիզմի, դեմագոգիայի ու կեղծիքի վերազարթոնք չես համարի:

Դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ «շունը տիրոջը չի ճանաչում», երբ «կուսակցություն» հասկացությունն այն աստիճան է որակազրկվել ու հեղինակազրկվել, որ ակամա նույնականացվել է «սուտ» բառի հետ: Իսկ դրա բուն պատճառը ոչ այնքան երկրում ստեղծված գաղափարական վակումն է, որքան նույն այդ կուսակցապետերի ագահությունն ու աթոռամոլությունը, երբ հանկարծ պարզ է դառնում, որ հանուն թեկուզ ժամանակավոր իշխանության ու պարարտանալու պատրաստ են ծախվել, պատրաստ են կաշի փոխել:

Երբ որոշ ժամանակ առաջ պարզ դարձավ, որ Հայաստանում ՀՀԿ-ի հետ մեկտեղ պատրաստվում են իշխանության մաս կազմել նաև դաշնակցականները, հասարակության մեջ սկսեցին շրջանառվել կարծիքներ, արթնանալ անհիմն հույսեր, թե այդ հանգամանքը կօգնի մեր երկրին մեկ քայլ առաջ կատարել քաղաքական համակարգի կայացման երկարուձիգ ճանապարհին, ու ՀՅԴ-ն իր հետ կբերի այն թարմ շունչը, որի պակասը կար վաղուց, ու որը կարող էր զգալի դեր խաղալ երկրում նորմալ քաղաքական դաշտ ձևավորելու, կառավարման համակարգը բարելավելու գործում՝ բաներ, որոնց կարիքը մեր նորաթուխ պետականությունն առավել քան զգում է: Բայց, ինչպես հաճախ է մեզնում պատահում, ստացվեց ճիշտ հակառակն, ու հիմա ազգովի կանգնել ենք կատարված փաստի առաջ՝ չիմանալով՝ խնդա՞նք, թե՞ լանք. քրեա-օլիգարխիկ ՀՀԿ-ից ներկայումս գրեթե ոչնչով չտարբերվող ՀՅԴ, կոռուպցիայի ու այլ մեղքերի մեջ մինչև կոկորդը խրված, աշխարհի շալակն ելած կուսակցական-պետական գործիչներ:

Ինչպես հայտնի է, Դաշնակցությունն ամենևին էլ առաջին անգամ չէ, որ «կիսովի» հիմունքներով հանձն է առնում իշխանության ղեկը. 2-րդ նախագահի օրոք ևս Դաշնակցականները «ձիու վրա էին» ու վայելում էին իշանության ընձեռած քաղցր, բայց երբեմն թունավոր պտուղները: Բայց, եթե այն ժամանակ գոնե ինչ-որ հիմնավորում կարծես գտել էին՝ դաշնակներին իշխանություն մտցնելու ու ընդհանուր կարկանդակից գոնե մի փոքր մաս հատկացնելու, ապա հիմա, անկեղծ ասած, նույնիսկ մեծն Սենեկան գլուխ չէր հանի այն դրդապատճառներից, որոնք որպես կեղծ պատճառաբանություն են բերվում՝ ներկայիս քայլը արդարացնելու համար:

Չէ՛, իհարկե, մենք այնքան հիմար չենք, որ կարծենք, եթե ՀՅԴ-ին չբերեին ու ՀՀԿ–ի հետ գահին չնստեցնեին, Հայաստանը կարող էր երկնիշ տնտեսական աճ ունենար, պարզապես ստեղծված իրավիճակում անընդուելին ու դատապարտելին այն է, որ ՀՅԴ մուտքով որևիցե էական բարեփոխում մեզանում տեղի չունեցավ, տեղի ունեցավ ընդամենն այն, որ հիմա էլ Դաշնակցությունը, Հանրապետականի ձեռքը բռնած, սկսեց սեփական մարդկանց նշանակել այս կամ այն պաշտոնին, այս կամ այն պետական գերատեսչությունն իրենով անել, օգտվել նույն կեղտոտ տեխնոլոգիաներից՝ հորինված մեծ եղբոր կողմից, ամեն գնով մխրճվել իշխանական կեղտոտ բուրգի մեջ՝ կուսակցական բյուջեն լցնելու նպատակով: Չկա գեթ մեկ պատճառ, առիթ կամ փաստ, որով դաշնակցականները կարողանան ներկայումս արդարացնել ՀՀԿ-ի հետ կազմած իրենց կոալիցիան. ինչպիսի գաղջ մթնոլորտ, որ կար միացումից առաջ, նույնը և հիմա է:

Իսկ այս դեպքում արդեն հարցը, թե ինչու հանկարծ իրեն թունդ ընդդիմադիր երևակայած կուսակցությունը մի գիշերվա մեջ մտավ իշխանականների ճամբար, ավելի է սրվում, ու դաշնակցականներին դնում խիստ անհարմար դրության մեջ, ու հիմա չգիտեն՝ ոնց «կռուտիտ» լինել: Իրավիճակը, թերևս, մի փոքր շտկեր դաշնակցական նախարարների գործնական հաջողությունները, սակայն գոնե մինչև հիմա ականատես չենք դարձել մի այնպիսի բանի, որ կկարողանար ինչ-որ կերպ արդարացում համարվեր ՀՀԿ-ՀՅԴ պայմանավորվածությանը:

Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փատ է, սակայն, որ Հայաստանում այդպես էլ չհաջողվեց ստեղծել մի այնպիսի համակարգ, երբ այս կամ այն կուսակցությանն իշխանություն կվստահվեր ոչ թե այն բանի համար, որ ինչ-որ պահի իշխանական թիվ մեկ կուսակցությանն այդպես է ձեռնտու, այլ, բացառապես, գաղափարական դրդապատճառներից ելնելով, այսինքն՝ այնպես, ինչպես զարգացած երկրներում է՝ հանգամանք, որը ոչ մի լավ տեղ չի տանում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *