timthumb (3)

Քառօրյա պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդավայր Վեդի քաղաքի կենտրոնում՝ Մշակույթի տան դիմաց գտնվող այս գեղեցիկ ցայտաղբյուր-հուշակոթողը նվիրված է Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին:

 

Հուշակոթողի չորս հղկված քարաբեկորները խորհրդանշում են 116 դիրքում միասին մարտնչած և զոհված չորս հերոս տղաներին՝ կապիտան Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Անդրանիկ Զոհրաբյան, Քյարամ Սլոյան․․․ Քարեբեկորների և ցայտաղբյուրի միջև կոր հատվածը հուշակոթողի հեղինակի կողմից նկատի է առնված իբրև խրամատ, որտեղ տղաները կռվել և նահատակվել են։ Իրար միաձուլված երեք ցայտաղբյուրները խորհրդանշում են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը․․․

 

Անդրանիկի և Արմենակի ծնողներն այդ հուշակոթողի մոտ էին, նրանց միավորել է վիշտը, ցավը, սակայն նաև մեծ հպարտությունը, որ հերոս որդիներ են լույս աշխարհ բերել:

 

Անդրանիկի ծնողները հետաքրքիր ու խորհդրանշական դեպք պատմեցին։ Նոյեմբեր ամսին, երբ քաղաքի կենտրոնում տեղի էր ունենում հուշակոթողի բացման արարողությունը, արտառոց բան է տեղի ունեցել: Երկնքում նկատվել են չորս արծիվներ, որոնք երկար ժամանակ ճախրել են, ապա՝ երեքը հեռացել են, մնացել է մեկը։ 

 

Արծիվ՝ Վեդիում ամեն օր չես հանդիպի, այն էլ՝ միանգամից չորսին, ասում են ծնողները:  Այդ չորս արծիվները չորս եղբայրներ են՝ Արմենակը, Ռոբերտը, Անդրանիկը և Քյարամը, ովքեր միասին կռվեցին, միասին նահատակվեցին, բայց չզիջեցին իրենց վստահված հայրենի հողը: Իսկ 116 դիրքը Արցախի կարևոր նշանակության և համեմատաբար ամենախոսցելի դիրքն էր, որը մնաց անսասան՝ շնորհիվ այս չորս արծիվների:

 

Անդրանիկի հայրը անչափ կարևորում է, որ այս չորս տղաներն և իրենց կատարածը իրարից չառանձնացվեն՝ մեկին չկարևորեն, մյուսին՝ մոռանան, քանի որ նրանք մինչև վերջին պահը միասին են եղել, միասին են կռվել ու զոհվել, նրանք չորս եղբայրներ են, անբաժան…

 

Անդրանիկ Զոհրաբյանի տան բակում նկատեցինք, որ գեղեցիկ ցայտաբյուր կա տեղադրված: Հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, պատմում է, որ այդ ցայտաղբյուրը բակի տղաներն են սարքել, բայց իրենք ոչինչ չեն իմացել այդ մասին: Երկար ժամանակ շինարարություն էր գնում, ծնողներն էլ մտածում էին՝ ուղղակի բարեկարգում են բակը: Հետո պարզվել է, որ Անդրանիկին ու նույն շենքի 90-ականներին զոհված զինծառայողին նվիրված ցայտաղբյուր է կառուցվել:

 

Քրիստինա Աղալարյան

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *