timthumb

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստի ընթացքում հանձնարարեց Սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանին և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ 9 ամսվա ընթացքում Կառավարությանը ներկայացնել նոր կամ բարեփոխված Աշխատանքային օրենսգիրք:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը տեսակետ հայտնեց, որ վարչապետի այս առաջարկից որևէ լուրջ փոփոխություն պետք չէ ակնկալել,  քանի որ, հակառակ պարագայում, շտապ փոփոխությունների համար նա չէր հանձնարարի 9 ամիս մտածել. «Կարեն Կարապետյանի այս առաջարկը դիտարկում եմ որպես PR քայլ: Հետաքրքիր է, որ վարչապետն այս նախաձեռնությամբ հանդես եկավ ՍԱՍ-ի Արտակի հայտնի ձայնագրությունից հետո, երբ հասարակությունը ևս մեկ անգամ լսեց աշխատողին ստորացնելու և նրա իրավունքները ոտնահարելու մասին: Կարեն Կարապետյանը, որպես մենեջեր, չէր կարող անտարբեր մնալ և, հետևաբար, հանձնարարեց նոր Աշխատանքային օրենսգիրք մշակել: ՍԱՍ-ի Արտակն այս պահին առաջացրեց խնդիր, մենեջեր վարչապետն էլ որոշեց դրան պատասխանել այդ կերպ: 

 

Արմեն Բադալյանի համոզմամբ՝ նոր Աշխատանքային օրենսգրքում դե ֆակտո որևէ լուրջ փոփոխություններ չեն կատարվի. գուցե, դե յուրե՝ որոշ նորամուծություններ լինեն, բայց, փաստ է, որ դե ֆակտո՝ Կարեն Կարապետյանը չի խփի «Հանարապետական» օլիգարխներին:

 

«Մինչև 9 ամիս մշակեն, որից հետո այդ նախագիծը գնա Ազգային ժողով և անցնի համապատասխան ընթերցումներ, մեկ տարուց ավելի ժամանակ կանցնի, կգա 2018 թվականի ապրիլը և, գուցե, վարչապետն այլևս որպես Կառավարության ղեկավար չգործի, հետևաբար, նորից պետք է կրկնեմ, որ այս քայլն ընդամենը PR քայլ է, որովհետև տնտեսության իրական  զարգացման համար առաջին քայլը սա չէր, գուցե այն պետք էր անել երկրորդը կամ երրորդը, բայց, հաստատապես, ոչ առաջինը»:

 

Մեր զրուցակիցը նաև չբացառեց այն, որ Ազգային ժողովում հայտնվելուց հետո առաջարկվող բարեփոխված կամ ամբողջապես նոր Աշխատանքային օրենսգիրքը ԱԺ-ում գտնվող խոշոր գործարարներն իրենց հարմար ձևով կկարեն, քանի որ թույլ չեն տա մի քայլ, որը կխոչընդոտի իրենց շահերին:

 

Աղավնի Սուքիասյան 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *