Էրդողանը ձեռնոց է նետում Պուտինին

234564432

Չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ոչ բարեկամական հարաբերությունների առկայությանը՝ փաստը մնում է փաստ, որ այսօր Թուրքիան ժամանակակից Հայաստանի առևտրային կարևոր գործընկերներից մեկն է: Իհարկե, առևտրային այդ հարաբերությունները ոչ պաշտոնական են, միջնորդավորված ու տեղի են ունենում երրորդ երկրի միջոցով, սակայն փաստ է, որ դրանք այս տարիների ընթացքում ոչ միայն չեն դադարում կարևոր դեր խաղալ Հայաստանի տնտեսական կյանքում, այլև որոշ պարագաներում անգամ գործ ունենք այդ հարաբերությունների՝ վտանգավորության աստիճան սերտացման հետ, երբ թուրքական ապրանքները՝ մասնավորապես՝ գյուղմթերքը հետզհետե սկսում են փոխարինել հայկական արտադրանքին:

 

Հայաստան են ժամանել թուրք գործարարներ, ովքեր հետաքրքրված են Հայաստանում հնարավոր ներդրումներով: Թե հատկապես ինչու են թուրքերը հետաքրքրված Հայաստանում ներդրումներ անելով, ենթադրություններն, իհարկե, կարող են բազմաթիվ լինել, սակայն գլխավոր հարցը, որ տեղի ունեցածն առաջ է բերում, այն է, թե իրականում ինչ գործընթացի մասին կարող է այն լինել և կամ որքանով կարող է հայ-թուրքկան տնտեսական հարաբերությունների թեկուզ տեսական աշխուժացումը բխել Հայաստանի շահերից:

 

Հարցն այս՝ ունի երկու իրարամերժ պատասխան՝ դրական ու բացասական՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: Եթե ենթադրենք, որ հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացումը թուրքերի կողմից՝ ինչ-որ մի պահի կարող է բերել հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող երկրի համար դա կարող է դրական դիտարկվել՝ չնայած հնարավոր ռիսկերին: Սակայն, եթե հաշվի առնենք այն, որ այսօրվա Թուրքիան ամենևին էլ անվտանգ երկիր չէ իր հարևանների համար, ապա այստեղ արդեն ծագում են հարցեր, որոնց պատասխանները կարող են այնքան էլ հաճելի չլինել: Մասնավորապես՝ ակնհայտ է, որ, ասենք, Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տված զորավարժություններ անցկացնող երկիրը չի կարող բացառապես հայասիրական նպատակներից դրդված՝ ներդրողներ ուղարկել Հայաստան. այստեղ ինչ-որ թաքնված վտանգ կա իրականում, որն անուշադրության մատնելու պարագայում՝ հետևանքները կարող են տհաճ լինել:

 

Եթե Հայաստանում իսկապես ներդրումներ կատարվեն, իսկ դրան զուգահետ էլ Նախիջևանում թուրքական ռազմաբազա ստեղծվի, ապա ակնհայտ է դառնալու, որ սա իրականում ոչ թե բարեկամության ձեռք է՝ ուղղված մեզ, այլ արտաքին ագրեսիա՝ ընդդեմ Հայաստանի և Ռուսաստանի. Թուրքիան Արևմուտքի աջակցությամբ փորձում է Անդրկովկասում ձեռնոց նետել Մոսկվային:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *