Այսօր Շուշիի ազատագրման օրն է

Shushi_tank_memorial-DCP_3043

Այսօր Շուշիի ազատագրման օրն է, այն հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում:  Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում:

 

Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:

 

Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին: Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դարձել է ավելի քան իրական:

 

Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի: 1991 թ. նոյեմբերից մինչև 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն:

 

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:

 

Լուսանկարում` Գագիկ Ավշարյանի վերականգնված Տ-72 տանկը որպես հուշարձան Շուշիի ազատագրման:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *