Կարապետյանի ապտակը՝ Հանրապետականին

0

Հակառակ սպասումների, թե ՀՀԿ ԳՄ նիստում վերջապես վարչապետ Կարեն Կարապետյանն ի լուր աշխարհի հայտարարվելու է «զտարյուն» հանրապետական, հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան Էդուարդ Շարմազանովը ի լուր բոլորի հայտարարել էր բառացիորեն հետևյալը. «Էսօր ո՛չ պարոն վարչապետի հավանական անդամակցման խնդիրն ենք քննարկել, ո՛չ էլ մեր այլ գործընկերոջ անդամակցման հարց։ Երբ որ ժամանակը գա, պարոն վարչապետն ու պարոն նախագահը կքննարկեն»:

Թե հատկապես ինչի հետ կարող է կապված լինել Կարապետյանին հանրապետականացնելու ժամկետների փոփոխությունը, իհարկե, կարելի է միայն ենթադրել, մանավանդ որ՝ տեսությունների ու ենթադրությունների պակաս առանձնապես չի զգացվում, բայց որ՝ դրանցից ամենահավանականը Կարապետյանի զգուշավորության գործոնը կարող է լինել, կասկածից վեր է. ամենայն հավանականությամբ՝ վարչապետն առանձնապես էյֆորիայի մեջ չէ այն մտքից, որ իշխանական էլիտան իրեն ամեն գնով ցանկանում է քաշել թևի տակ ու շեֆություն անել՝ հարկ եղած դեպքում Կարապետյանից օգուտներ քաղելու, չեղած դեպքում էլ՝ տապալման ողջ պատասխանատվությունը նրա վրա բարդելու համար:

Այս իմաստով՝ ամենևին էլ ավելորդ չէր լինի նշել նաև այն՝ ոչ պակաս խոսուն հանգամանքը, որ հանրապետականացվելու մտքի հետ ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել նաև Կարապետյանի «հալալ» թիմակիցները՝ կառավարության՝ հասարակության համար նորահայտ այն դեմքերը, որոնց վարչապետն իր հետ գործադիր է բերել, ինչը, բնականաբար, պարզ պատահականություն կամ համընկնում չես համարի:

Իսկ այն հանգամանքը, որ Կարապետյանն ու նրա թիմի միջուկը կազմող մարդիկ իրական ու շոշափելի պատճառներ ունեն՝ անմիջապես հանրապետականի գիրկը չնետվելու, ապացույցների կարիք առանձնապես չի զգում: Ակնհայտ է, որ ոչ ոք չի ցանկանում զուր տեղը պիտակավորվել՝ հակառակ կուսակցության ձգտումների՝ կուսակցականացնելու ամեն շարժվող ու շնչող առարկա Հայաստանում. վարչապետն ու իր թիմը ձգտում են ավելի շուտ անկախության, երկրում իրական գործոն դառնալուն, քան վասալացվելուն, իսկ ինչ վերաբերում է Կարապետյանի քաղաքական հենարան ունենալ-չունենալուն, ապա ակնհայտ է, որ այս ասպարեզում ՀՀԿ-ի առաջարկությունները կարող են ամենևին էլ անփոխարինելի չլինել,ու սույն խնդիրը վարչապետը լուծի՝ ստեղծելով կա՛մ նոր կուսակցություն, կա՛մ, որ ամենահավանական տարբերակն է՝ աջակցելով նոր քաղաքական ուժի, որը ժողովրդի շրջանում վարկաբեկված չի լինի, չի ունենա կեղտոտ անցյալ կամ ներկա, իր ծրագրային դրույթներով կհամապատասխանի վարչապետի ունեցած ձգտումներին:

Իհարկե, այն, թե ինչ կլինի հետագայում, և կամ իրադարձություններն ինչպես կզարգանան, կարող է ցույց տալ միայն ժամանակը, բայց ակնհայտ է այն, որ որոշ ճարպիկ հանրապետականների քաղաքական հաշվարկները կարող են և չարդարացվել. հասունացել է պահը՝ նոր էջ բացելու ներհայաստանյան քաղաքական կյանքում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *