«Սերժ Սարգսյանի կողմից ողջունելը կամ չողջունելը զուտ անձնական է և խիստ սուբյեկտիվ». Հայկ Սուքիասյան

timthumb (6)Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդի նիստում անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու պատրաստակամությանը, նշել է. «Մի քանի խոսք, ընդամենը երկու բառ՝ այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և դաշինքներ ձևավորվելու մասին: Շատ հակիրճ եմ ասում. ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը՝ ընտրապայքարին, դրական երևույթ եմ համարում»:

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանը, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի այս դիտարկմանը, նշեց. «Հաշվի առնելով ՀՀ սահմանադրությունն, ըստ որի՝ Հայաստանը ժողովրդավարական և իրավական պետություն է, այդ տեսանկյունից Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և քաղաքականությամբ զբաղվելու որոշումը կարգավորվում է բացառապես ՀՀ սահմանադրությամբ: Ուստի, Սերժ Սարգսյանի կողմից ողջունելը կամ չողջունելը զուտ անձնական է և խիստ սուբյեկտիվ, որը ՀՀ սահմանադրության հետ, մեծ հաշվով, առնչություն չունի»:

Քաղաքագետի բնորոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը ՀՀ քաղաքական կյանք՝ իր մեջ օբյեկտիվություն ունի և պայմանավորված է նաև ժողովրդական լայն զանգվածների աջակցությամբ: «ԲՀԿ-ի վերածնունդը պայմանավորված է բացառապես և առաջին հերթին այդ քաղաքական գործչի անձով, հակառակ պարագայում՝ ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ՝ ունենալու էր այն ճակատագիրը, որը որ ունեն այլ շարքային քաղաքական խմբեր»:

Խոսելով ԲՀԿ նախկին առաջնորդի շուրջ համախմբվող քաղաքական ուժերի և խմբերի մասին, Հայկ Սուքիասյանը նշեց. «Այստեղ պետք է առանձնացնել մի կարևոր շեշտադրում. եթե Գագիկ Ծառուկյանը ցանկանում է ԲՀԿ-ն վերադարձնել ՀՀ քաղաքական կյանք՝ որպես գործուն դերակատար, ապա նա պետք է իրենից հեռու պահի այն քաղաքական բալաստը, որը որ կար նախկինում և պետք է հենվի նոր՝ միջին և երիտասարդ տարիքի այն անձանց վրա, ովքեր հայտնի չեն իրենց քաղաքական, տնտեսական և  անձնական հակաքաղաքական քաջագործություններով»:

Ըստ քաղաքագետի՝ միայն այս դեպքում է, որ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կդառնա քաղաքական բևեռ, որը կհակակշռի ՀՀԿ-ին և կբալանսավորի ՀՀ քաղաքական կյանքը: Հակառակ դեպքում՝ լինելու է այն,  ինչը որ կա հիմա,  որը մեծ հաշվով՝ առնչություն չունի ՀՀ ազգային շահերի հետ:

Աղավնի Սուքիասյան 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *