Երևանում կանցկացվի «Welcome to Armenia» խորագրով զբոսաշրջային համաժողովը

Երևանում հոկտեմբերի 28-ին անցկացվելու է «Welcome to Armenia» խորագրով զբոսաշրջային համաժողովը: Այն կազմակերպում է «BPA» ընկերությունը: Ինչպես հրավիրված ասուլիսին ներկայացրել է «Welcome to Armenia» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը, համաժողովը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասում պետական կառույցները ներկայացնելու են իրենց տեսլականը զբոսաշրջային տարբեր ուղղությունների զարգացման վերաբերյալ: Մասնավորապես, սպորտային, բնապահպանական, առողջապահական, մշակութային տուրիզմ և այլն:

«Յուրաքանչյուր ուղղությամբ էլ մենք ունենք ներուժ, որը դեռ լիարժեք չենք օգտագործել: Այդ համաժողովին խոսելու ենք Հայաստանում տարածում չգտած տուրիզմի տեսակների մասին: Առաջին անգամ խոսվելու է կրոնական տուրիզմի մասին: Իմ կողմից առաջարկություն է լինելու, որպեսզի կազմակերպվի ուխտագնացություն դեպի Հայաստան: Ուխտագնացությունը տուրիզմի տարածված տեսակ է: Օրինակ, Իսպանիայում գտնվող Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ամեն տարի ուխտագնացություն է կազմակերպվում, որը ապահովում է 100 հազարավոր զբոսաշրջիկների այց: Ահա նման նախագիծ էլ նախատեսում ենք Հայաստանում իրականացնել»,-ասաց Վրույր Փենեսյանը:

Խոսելով զբոսաշրջության զարգացման այլ հնարավորություններից’ Վրույր Փենեսյանը նշեց, որ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենամեծ աղի հանքը: Այն ներկայացվելու է տուրիստական փաթեթների շրջանակում: Աղի հանքը բուժական վայր է, ունի 325 մետր խորություն: Զբոսաշրջիկները կարող են 200-ից ավելի մետր խորությամբ իջնել, այնտեղ անցկացնել 3-4 ժամ և ստանալ բուժում:

Հաջորդ առաջարկը վերաբերում է գինեբուժությանը: «Հայաստանում գինեգործությունը մեծ թափ է հավաքում: Հայտնի է, որ գինի արտադրող ընկերություններն ունենում են անորակ գինի, որը չի համապատասխանում շշալցման պահանջներին, բայց նա կարող է օգտագործվել գինեբուժության մեջ: Զբոսաշրջիկները կարող են գինու լոգանք ընդունել: Համաժողովին կներկայացվի այդ նախագիծն իր բոլոր մանրամասնություններով»,-ասաց Վրույր Փենեսյանը:

Համաժողովի երկրորդ հատվածում տուրիստական քաղաքների քաղաքապետերը կներկայացնեն իրենց քաղաքների զբոսաշրջության շարժը, ներուժը:

Վրույր Փենեսյանը տեղեկացրեց, որ համաժողովի ընթացքում կներկայացվի «Սմիթսոնյան» հիմադրամի ծրագրերը, որը զբաղվում է պատմամշակութային տուրիզմի զարգացմամբ: Դրանից բացի, ներկա կլինեն այնպիսի ընկերություններ, որոնք ունեն զբոսաշրջության ոլորտում աշխատելու հաջողված պատմություններ:

Վրույր Փենեսյանի խոսքով, համաժողովին առաջ է քաշվելու մի նախագիծ, ըստ որի նախատեսվում է ստեղծել Տուրիզմի աջակցման խորհուրդ: Դրանում ընդգրկված են լինելու տարբեր ոլորտի գործարարներ, ովքեր փորձելու են օգտակար լինել Հայաստանում տուրիզմի զարգացմանը:

Համաժողովին խոսվելու է 2017 թվականին սպասվող մեծ փառատոնի մասին, որի վերաբերյալ հավելյալ տեղեկություն առայժմ չհաղորդվեց:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *