Մի տան ծառից երկու ծիրան մի պոկի. Արման Սահակյանն՝ իր ինքնաբացարկի մասին

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում տեղակայված 06/01 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը:

Արման Սահակյանը լրագրողների հետ զրույցում որպես Հայաստանի հանրապետական կուսակցության Աջափնյակ վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, նշեց, որ ամեն ինչ իրականացվել է օրենքի շրջանակներում:

«Մենք շարժվել ենք օրենքի սահմաններում և կարծում եմ, որ մեր ընտրատարածքում, որն է’ 6-րդը, չեն եղել և դժվար էլ եղած լինեն ինչ-որ ընտրախախտումներ, առանց ուղղորդումների ընտրություն է ընթանում»,- շեշտեց Պետական գույքի կառավարման վարչության պետը և նշեց, որ նա քվեարկել է հանուն բարեկեցիկ, հարմարավետ և անվտանգ Երևանի:

Անդրադառնալով իր քաղաքական ապագային’ նա ասաց, որ քաղաքական գործիչը պետք է կարողանա լսել իր քաղաքական թիմի որոշումները:

«Ես ասել եմ, որ պատրաստ եմ աշխատել թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում, եթե քաղաքական ուժը որոշել է, որ ես պիտի լինեմ գործադիրում, ուրեմն կմնամ գործադիրում»,–ասաց նա:

Արման Սահակյանն ընդգծեց, որ դեռ քննարկումներ չկան, և հայտնի չէ, թե ինչ պաշտոն է ստանալու:

Արման Սահակյանը իր ինքնաբացարկ ներկայացնելու և խորհրդարանում նույն ընտանիքից երկու հոգի լինելու վերաբերյալ ասաց, որ այդպիսի խնդիր չկա:

«Այդպիսի մի երգ կա՝ մի տան ծառից երկու ծիրան մի պոկի… Փաստացի մեր 2-րդ ընտրատարածքի հանրությունը դա արել է ապրիլի 2-ին, համենայն դեպս ես կարծում եմ, որ նման խնդիր չկար, և ես ինքս դեմ եմ նման երևույթներին»,- ընդգծեց Արման Սահակյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *