Արցախի Կրթության նախարարն ահաբեկում է ուսուցիչներին

ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տևական ժամանակ է մտահոգություններ է ստանում, որ Արցախի Կրթության և գիտության նախարարը չի ընդունում դպրոցները հնգօրյա դարձնելու մասին ուսուցիչների և ծնողկոմիտեների առաջարկները։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախարար Սլավա Ասրյանն արգելում է դպրոցների ուսուցիչներին անգամ մտածել նման առաջարկություն ներկայացնելու մասին, քանի որ կտրուկ մերժում են ստանալու։ Ավելին՝ ուսուցիչները պնդում են, թե նախարարն իրենց ահաբեկում է։

Նշվածի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի հետ։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախարարն ասաց՝ մի շարք պատճառներ կան, որոնք թույլ չեն տալիս վեցօրյա համակարգից անցում կատարել հնգօրյայի։

«Համաձայն հանրապետության մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի հնգօրյա կամ վեցօրյա անցնելու դեպքում մանկխորի որոշումով դպրոցն է որոշում և ներկայացնում նախարարի համաձայնեցմանը։ Հիմա ես ընդամենը մեկ դպրոցից եմ ստացել նման առաջարկություն, որն, իհարկե, մերժել եմ հետևյալ հանգամանքներից ելնելով։ Ներկա ուսումնական պլանները շաբաթական 34 ժամ 5 օրով, եթե մենք տեղավորում ենք, ստացվում է, որ երեխան օրական 7 ժամ պարապում է։ Այսինքն՝ դասերը առավոտյան սկսվելու է և 3-ին ավարտվի։ Մենք դպրոցներում սնունդ չենք ապահովում, որ երեխան սնվի։ Սա մեկ պայման։ Նախ՝ 7-րդ ժամը արդյունավետ չի կարող լինել։ Երեխան օրական 7 ժամվա համար պետք է դաս պատրաստի, սովորի։ Նրա համար, որ երկու օր ուսուցիչները տանը լինեն կամ երեխաները, ստացվում է, որ մենք պետք է մի շարք պատճառներ խախտենք։ Ուսուցիչը, օրինակ, եթե ունի 24-25 ժամ դաս, ինքը պետք է օրական 5-6 ժամ դաս պարապի, որը ևս անարդյունավետ է։Ելնելով նման հանգամանքներից, մենք ասել ենք՝ եթե ժամաքանակը կրճատվի ու կարողանանք 6 ժամի մեջ տեղավորվել, նոր կարող ենք խոսել։ Հիմա, մենք չենք կարող մի քանի ծնողների քմահաճույքով, բերել այդ ծանրաբեռնվածությունը փաթաթել դպրոցներին»,- մանրամասնեց Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարարը։

Այն դիտարկմանը, թե հնգօրյա համակարգի անցումը մեկ կամ երկու դպրոցի ուսուցչական անձնակազմի ցանկությամբ չի սահմանափակվում, այլ համատարած է և շաբաթ օրերին երեխաների միայն 70-80 տոկոսն է հաճախում դպրոց, նախարարն ասաց՝ սխալ են ասում.

«Երեխաները հաճախում են, սխալ են իրենք ասում։ Եթե նույնիսկ բացակա լինում է, ապա համատարած չէ, մեծ թիվ չի կազմում։ Ցանկացած օր կարող են բացականեր լինել։ Խնդրեմ, գնացեք տեսեք ինքներդ։ Մենք պետք է առաջին հերթին երեխայի առողջությամբ մտահոգվենք։ Մենք շատ ենք քննարկել այդ հարցը, բոլորը դեմ են, որ անցնենք հնգօրյա ռեժիմի։ Այդ նույն հարցը ես քննարկել եմ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, ով նույն տեսակետին է։ Երեխան ինչպե՞ս կարող է 7 ժամ լիարժեք պարապել։ Գնացեք՝ տեսեք, 6-րդ ժամին երեխաների ակտիվությունը կամ ուսուցչի վարած դասն ինչպես է անցնում»,- նշեց Ասրյանը և հավելեց՝ հնգօրյա ռեժիմի անցնելու դեպքում պետք է 34 ժամը կրճատել և դարձնել 30 ժամ, որպեսզի 5 օրում հնարավոր լինի այն տեղավորել. «Իսկ մենք չենք կարող դա անել, քանի որ դասաժամեր պետք է կրճատվեն, ինչը չենք կարող անել»։

Նախարարը պնդեց, որ իրենք չեն կարող հնգօրյա դարձնել դպրոցները, քանի որ Արցախում ևս ՀՀ-ի դպրոցական ծրագրով են առաջնորդվում, իսկ դասաժամերի կրճատումը անհնար է։ Բայց, պետք է նշել, որ ՀՀ-ում վաղուց գործում է հնգօրյա համակարգ, որն իրեն արդարացնում է, նախարարը հավանաբար տեղյակ չէ այդ մասին կամ վեցօրյա համակարգով փորձում են այլ խնդիրներ լուծել։

Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *