Կարեն Կարապետյանն ընտրեց «փոխվող» ՀՀԿ-ն՝ կորցնելով «նոր մարդու» իմիջը

arm147453048428Ինչքան էլ կանխատեսելի էր Կարեն Կարապետյանի անդամագրությունը ՀՀԿ-ին, այդ գործընթացն ուղեկցվեց ինտրիգներով, ներիշխանական հակասություններով։ Վարչապետն ակնհայտորեն դիմադրում էր, ու եթե անգամ նրա այսօրվա դիմումը սեփական նախաձեռնության հետեւանք է, հանրության կողմից ընկալվելու է՝ որպես Կարապետյանի քաղաքական ինքնուրույնության պակասի, տակտիկական պարտության դրսեւորում։ Կարապետյանի ֆենոմենի հիմքում «նոր մարդու» կերպարն էր, ինչն, անշուշտ, սասանվելու է նրա «հանրապետականացումից» հետո։ Նա կորցնելու է հանրային վստահության ռեսուրսի մի մասը՝ կուսակցությունում ենթադրաբար երկրորդը լինելու ու նաեւ՝ ինչ-որ երաշխիքների դիմաց, որոնք հասարակությանը տեսանելի չեն ու անկեղծ լինենք՝ առանձնապես չեն հետաքրքրում։

ՀՀԿ-ի թիմում լինելն, առնվազն, կասկածի տակ է դնում ցանկացած գործչի քաղաքական եւ բարոյական նկարագիրը, որովհետեւ այս կուսակցությունը շատ վաղուց նույնացվում է ոչ թե քաղաքականության, այլ՝ կոռուպցիայի, ոչ թե՝ Նժդեհի, այլ՝ օլիգարխիայի հետ։ Ըստ ամենայնի՝ Կարապետյանը սա գիտակցում է ու իր այսօրվա խոսքում՝ մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ ինքն անդամգրվում է փոխվող ՀՀԿ-ին։ Այս մեսիջը հասցեագրված է հասարակությանը։ Կարապետյանը մարդկանց համոզում է, որ ոչ թե ՀՀԿ-ն է իրեն փոխելու, «իրենով» անելու, այլ հենց ինքն է դառնալու կուսակցության նոր դեմքը, եղանակ ստեղծողը։

Սա, իհարկե, փաստ չէ ու ամեն բան ցույց կտա ժամանակը։ Կարեն Կարապետյանն այսօր ներկայացրել է իր առաջին քաղաքական հայտը, որով ներիշխանական հակասությունները ոչ միայն չեն ավարտվում, այլ ստանում են որակապես նոր դրսեւորում։

Սկսված է պայքար՝ ՀՀԿ «գլխավոր բաժնետերը» լինելու համար։

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *