Նախարարն անզո՞ր է թալանի դեմ

timthumb

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. սա բացահայտվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության (խոսքը ներկայիս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մասին է) ստուգումների արդյունքում: Ստուգման ընթացքում բացահայտվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում արդյունահանել եւ վերամշակման արդյունքում ստացել է մոտավորապես 500 կգ ոսկի, որը ՍՊԸ-ի փաստաթղթերում եւ հաշվարկներում չի երեւացել: Ընկերությունը առարկել է` նշելով, որ չի կարող անհետացած լինել 500 կգ, այլ մաքսիմում` 8 կգ: Սակայն տեսչությունն էլ իր հաշվարկների մեջ վստահ է եւ չի սխալվում, որ ակտում նշված ոսկին ՍՊԸ-ի փաստաթղթերում եւ հաշվարկներում չի երեւում:
 
Աշոտ Մանուկյանի ղեկավարած կառույցը բավական անելանելի և անպաշտպան վիճակում է հայտնվում, երբ գործը վերաբերում է հանքաարդյունաբերության ոլորտում գերշահույթներ ապահովող ընկերությունների հետ առկա կամ հեռակա պայքար մղելուն: Թերևս ինքը Մանուկյանն էլ շատ լավ գիտակցում է, որ այս պայքարում նախարարությունը կանխավ պարտվողի դերում է, քանի որ ինքը, իբրև ոլորտի պատասխանատու, իբրև նախարար՝ չի կարող համարժեք կերպով արձագանքել ստեղծված իրավիճակում՝ չունի համապատասխան լծակներ և ռեսուրսներ: Թե՛ նախարարի, թե՛ քաղաքացիների համար այդպես էլ գաղտնիք կմնա, թե ուր է անհետացել Սահմանադրությամբ ժողովրդի սեփականությունը հանդիսացող ընդերքի արգասիքը: Իսկ պատճառն ակնհայտ է՝ ցանկացած հանքատեր այսօր ավելի մեծ կշիռ և հենարան ունի, քան մեր ողջ նախարարական կաբինետը միասին վերցրած: Ընդ որում, խոսքը նաև քաղաքական հենարանի մասին է: Ներկայիս խորհրդարանում արդեն իսկ կան բավական թվով հանքատերեր կամ նրանց «լիազոր» ներկայացուցիչներ: Երբ հանքերի անխնա շահագործման թեման դառնում է հասարակական օրակարգի առաջնային հարցերից մեկը, հանքատերերը, բնականաբար, մտածում են «կոճակ սեղմելու» գործում իրենց քանակն ավելացնելու մասին: Մանուկյանին մնում է միայն հետևել՝ ինչպես են օրը ցերեկով թալանում մեր երկրի ընդերքը, իսկ մեղավորներին պատժել, նրան հաթաթա տալ՝ նա ի վիճակի չէ անգամ մեծագույն ցանկության դեպքում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *