Նախարարն իրեն բախտավոր է համարում, որ չի «ընկել» պոլիկլինիկա

IMG_0127

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները եւ անդրադարձավ նաեւ ծխելու դեմ պայքարի աղմկահարույց ծրագրին: Նա նաեւ նկատեց, որ ծխելը երիտասարդության շրջանում մոդայիկ է համարվում ու հետեւաբար՝ հակածխախոտային պայքարում էլ պետք է մտածել եւ առաջնորդվել մոդայի եւ էմոցիայի կատեգորիաներով: Չգիտենք թե այդ կատեգորիաների տակ ինչ ի նկատի ունի նախարարը, քանի որ մինչ օրս նրա գործունեության հիմքում ընդամենը մեկ՝ բիզնեսի կատեգորիան էր:

Նախարարը նաև հայտնեց, որ ներդրվելու է առողջապահության ոլորտի հաշտարարի պաշտոնը: Դա ըստ Ալթունյանի հաճախորդներին հնարավորություն կտա ստանալ սպառիչ և մասնագիտական պատասխան: «Գաղտնիք չէ, որ այսօր հաճախորդները պաշտպանված չեն»,- ասաց նա: Շատ լավ է, որ Ալթունյանը դա գիտի, սակայն կարելի է ենթադրել, որ այս հերթական անիմաստ հաստիքը ստեղծվում է հենց Ալթունյանի բարեփոխումների ընթացքում ի հայտ Եկած տարաձայնությունները և խնդիրները լուծելու համար: Ալթունյանը նաև կարծում է, որ Հայաստանում գործող պոլիկլինիկաների զգալի մասը վերազինման ու արդիականացման կարիք ունեն, բայց խուսափում է ասել` գոհացնու՞մ է իրեն տրամադրվող ծառայությունների որակը, թե՞ ոչ։ Ինձ պետք չի եղել պոլիկլինիկա այցելել, դրա համար էլ չեմ այցելել-ասել է նախարարը: Ընդ որում, հիշեցնենք, ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ալթունյանը փառք էր տվել Աստծուն, որ չի հայտնվել պոլիկլինիկայում։ Սա երկիմաստության տեղիք էր տվել` կա՛մ նախարարն իրեն բախտավոր է համարում, որ չի «ընկել» պոլիկլինիկա, կա՛մ էլ դրա առիթը չի եղել։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ սրտի ստենտավորման գինը կարող է նվազել, եթե ներդրվի բժիշկների ֆիքսված աշխատավարձ, իսկ յուրաքանչյուր հիվանդանոցում օրական կատարվի մինիմում 5 ստենտավորում: Այսինքն՝ գինը չի նվազի, հետևաբար նման խնդիր ունեցող քաղաքացիները նորից ստիպված են լինելու վիրահատության համար հասնել հարևան Վրաստան։ Անդրադառնալով շտապօգնության ծառայության աշխատանքի վճարովի դառնալու մասին հայտարարություններին՝ Ալթունյանը տեղեկացրեց, որ հարյուր տոկոսով համամիտ է այն քաղաքացիների հետ, ովքեր գտնում են, որ այս ծառայությունը պետք է վճարովի դառնա։ Հետաքրքիր է միայն՝ որտեղ է նախարարը հանդիպել նման ցանկությամբ տոգորված քաղաքացիների։ Մի գուցե իր բիզնես գործընկերների շրջանակո՞ւմ…

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *