ԱՄՆ նախագահական ընտրություններում հայկական գործոնը բացակա է

0

ԱՄՆ նախագահական ամենասկանդալային ընտրարշավերից մեկը թևակոխել է եզրափակիչ փուլ: Այս պահին բոլոր սոցիոլոգիական հարցումները հուշում են, որ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը 5-6%-ի առավելություն ունի հանրապետական Դոնալդ Թրամփի հանդեպ, և նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ն իր պատմության մեջ, ըստ ամենայնի, ունենալու է առաջին կին նախագահը: Սակայն, ինձ առավելապես հետաքրքրում է ամերիկյան ընտրությունների ոչ թե ներքաղաքական համատեքստը, այլ այն, որ հայկական գործոնն այս անգամ` ի տարբերություն վերջին առնվազն երեք տասնամյակի, առհասարակ բացակ է ԱՄՆ նախագահական ընտրարշավի օրակարգից:

Թեկնածուներն ու հայկական կազմակերպությունները միմյանց հանդեպ անտարբեր են, արդյունքում` հայկական համայնքը չի սատարում Քլինթոն-Թրամփ զույգից որևէ մեկին: Կամ թեկնածուները գտել են հայերի քվեներին տիրանալու այլ մեխանիզմներ, որոնք շրջանցում են ազգային օրակարգը, կամ էլ` հայկական լոբբին ադեկվատ չի կարողանում արձագանքել ամերիկյան քաղաքականության նոր մոտեցումներին:

Անշուշտ, հայկական համայնքի սոցիալական կառուցվածքը ենթարկվել է էական փոփոխությունների, ինչը մեր շատ հայրենակիցների մոտ բերել է ազգային հարցերի նվազ կարևորմանը:

Մյուս կողմից` մի քանի տասնամյակ հայկական կազմակերպություններն ԱՄՆ նախագահի թեկնածուների հանդեպ իրենց վերաբերմունքը բացառապես պայմանավորել են Ցեղասպանության հանդեպ նրանց վերաբերմունքով:

Ամերիկյան ընտրությունների «հայկական» այս բաղադրիչն այլևս կորցրել էր անհրաժեշտությունը: Նախ այն պատճառով, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը, կարծես թե, այլևս կայացած փաստ է, և երկրորդ` հայկական կազմակերպությունները բարեբախտաբար հասկացան, որ նման պարզունակ թեստով ի վիճակի չեն ազդել ԱՄՆ պետական օրակարգի վրա: Ինչ-որ իմաստով ուրախալի է, որ ԱՄՆ հայկական կազմակերպությունները ձերբազատվեցին «ռոմանտիկ» պատրանքներից և աշխարհասփյուռ հայությունն այլևս յուրաքանչյուր ապրիլի 24-ին «դարի իրադարձության ակնկալիքով» չի սպասելու, որ ԱՄՆ նախագահը վերջապես արտասանի «Ցեղասպանություն» տերմինը:

Բացասականն այն է , որ միայն Ցեղասանության թեմայով չի սպառվում հայկական օրակարգը, իսկ ամերիկահայ կազմակերպություններն, ըստ էության, չեն կարողացել ձևակերպել Հայաստանի և հայությանը հուզող նոր խնդիրներ:

Այստեղ, իհարկե, պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև Հայաստանի ԱԳՆ-ն, Սփյուռքի նախարարությունը, որոնց գործունեության որակն ու ծավալը ադեկվատ չեն այն մարտահրավերներին, որոնք ծառացած են Հայաստանի և հայության առջև:

Խնդիրը ոչ թե ամերիկյան ընտրություններին միջամտելու, այլ այդ երկրի քաղաքական և պետական օրակարգ մեզ հուզող հարցեր ներառելու մասին է: Այս հարցերը շատ են և վերաբերում են Հայաստանին ամեն տարի հատկացվող ամերիկյան օժանդակությանը, Արցախի հարցին, հայ-թուրքական հարաբերություններին և վերջապես` սիրիահայության խնդիրներին: 

Այս հարցերը շրջանցվեցին ԱՄՆ նախագահական ավարտվող ընտրարշավում` ցավալիորեն արձանագրելով հայկական գործոնի բացակայությունը ամերիկյան քաղաքականությունում:

Սա այն դեպքն է, երբ Հայաստանը չի ուզում կամ չի կարողանում օգտագործել հայկական համայնքի ներուժը, իսկ հայկական կազմակերպությունները չունեն ինքնուրույն ռեսուրս` նոր օրակարգ ձևակերպելու և այն ամերիկյան քաղաքականության մաս դարձնելու համար:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *