Ստվերային տնտեսություն. ինչպես է փոշիացվում ազգային տնտեսությունը

tenevaya-ekonomika-696x415Վերջին օրերին քննարկվող թեմաների շարքում առաջնային հարցերից մեկը բյուջեի քննարկումներն են և դրա շուրջ զարգացող կրքերը:

Հանրապետությունում պետբյուջեի եկամտային մասի ձևավորման ժամանակ պետք է հաշվի առնել այն, որ իրականացվող հարկային քաղաքականությունը դեռևս շատ հեռու է կատարյալ լինելուց: Տնտեսական նոր հարաբերություններին անցման փուլի համար հարկային բեռը բավականաչափ բարձր է, օրենսդրությունը խիստ բարդ է, հարկային ծառայությունների մասնագիտական և տեխնիկական հագեցվածությունը զգալիորեն ցածր: Նման պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, երբ բարեխիղճ հարկատուները կրում են ողջ հարկային ճնշումը այն դեպքում, երբ մի շարք խոշոր տնտեսավարող սուբյեկտներ խուսափում են հարկերի վճարումից կամ ընդհանրապես չեն վճարում: Այս ֆոնին ձևավորվում է ստվերային տնտեսություն կոչվածը, որն ըստ որոշ մասնագետների կազմում է ՀՀ տնտեսության 40 տոկոսից ավելին: Հիմա մի քանի դիտարկում ստվերի հետ կապված:

Ստվերային տնտեսությունը եկամուտների միտումանվոր թաքցնումն է, հարկերից խուսափումը, թմրանյութի առք ու վաճառքը և այլն: Ստվերային գործունեությունից ստացված արդյունքները տասնյակ անգամ գերազանցում է օրինական գործունեության արդյունքները, սակայն դրա կոնկրետ մասշտաբները անհնար է որոշել: Դրա համար էլ յուրաքանչյուր պետության առաջնային խնդիրն է հանդիսանում մանրամասն ուսումնասիրել ստվերային գործունեության էությունը,  դրսևորման տեսակները, դրա ազդեցությունը` թե պետության ընդհանուր վիճակի և թե բնակչության կենսամակարդակի վրա, կարողանալ ինչ-որ չափով այս երևույթը կառավարել և կրճատել: Ստվերային գործունեության որոշակի տեսակներ նույնիսկ վտանգավոր են ինչպես պետության, այնպես էլ հասարակության համար:

Ստվերային տնտեսական գործունեությունը բարդ և բազմակողմանի երևույթ է, որն առկա է ցանկացած սոցիալ-քաղաքական պայմաններում: Այս առումով կարող ենք ասել, որս տվերային գործունեությունը հանդիսանում է տնտեսական ոլորտում պետական վերահսկողության հետևանք:

Ըստ օրինականության աստիճանի տարբերում են ստվերային տնտեսության հետևյալ տեսակները. Ոչ պաշտոնական կամ օրինական-տնտեսական գործունեություն, որը չի խախտում ոչ մի օրենք, ինչպես նաև չի ոտնահարում տնտեսվարող սուբյեկտների իրավունքները, բայց միևնույն ժամանակ չի ենթարկվում հաշվառման, սրա վառ օրինակ է հանդիսանում կենցաղային արտադրությունը:

Անօրինական տնտեսություն այն տնտեսական գործունեությունն է, որը խախտում է այլ տնտեսվարող սուբյեկտների իրավունքները, բայց չի կարգավորվում օրենսդրությամբ: Սրանք այսպես կոչված վարդագույն շուկաներն են: Օրինակ բնապահապանական անվտանգության խախտումը:

Կիսաիրավական տնտեսություն կոչվածը տնտեսական գործունեությունն է, որն իր բնույթով չի հակասում օրենքին, բայց միևնույն ժամանակ իրականացվում է օրենքի սահմաններից դուրս: Սրանք այսպես կոչված «գորշ շուկաներն» են: Նախ և առաջ սրանք այն մեթոդների ամբողջությունն է, որի օգնությամբ խուսափում են օրենքներից,  սրանց թվին են դասվում բորսաներում փոխանակումը, առանց արտոնագրերի գործունեությունը, առանց գրանցման աշխատանքը:

Ապօրինի, քրեական գործունեություն ասելով հասկանում ենք տնտեսական գործունեություն, որն արգելված է օրենքով և իր բնույթով դիտվում է որպես օրենքի խախտում: Սրանք «սև շուկաներն» են: Օրինակ թմրանյութի վաճառքը,  անօրինական զենքի արտադրությունը և իրացումը, մարդկանց թրաֆիկինգը, ավազակությունը, ուժի կիրառումը և այլն:

Թե վերոնշյալ ստվերային տնտեսության ո՞ր ճյուղերն են տարածված Հայաստանում, դա արդեն առանձին քննարկման թեմա է, որին կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում:

 

Արտակ Աբովյան 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *