Մարտունակ բանակ ունենալու բանաձևը…

ՀՀ պաշտպանության նոր նախարարի անունն այլևս հայտնի է, ու առաջիկայում հենց նրա ղեկավարության ներքո է անկախ Հայաստանի փառապանծ բանակը շարունակելու իր հաղթական այն ընթացքը, որ սկիզբ է առել ու թրծվել արցախյան պատերազմի բովում՝ մեկընդմիշտ հաստատելով այն հայտնի իրողությունը, որ հայի բազկի համար չկա, պարզապես գոյություն չունի այս արևի տակ որևիցե անհաղթահարելի արգելք ու մի ուժ, որ կարող է կասեցնել մեր ժողովրդի շարունակական ընթացքը մարդկային քաղաքակրթության քառուղիներում:

Պետք է նշել, որ հայոց բանակի ներկայիս հզորությունն ու անպարտելիությունն ամենևին էլ հեշտ չի ձեռք բերվել. բանակն անպարտելի է եղել շնորհիվ հետևողական ու քրտնաջան աշխատանքի, որ անընդհատ ու շարունակաբար տարվել է տարիներ ի վեր: Անկասկած, Սեյրան Օհանյանի ղեկավարման տարիները Հայաստանի պաշտպանության ոլորտի համար թռիչքաձև զարգացման ու անշեղ վերելքի տարիներ են եղել, ժամանակաշրջան, որի ընթացքում հնարավոր է դարձել լուծել բոլոր այն հիմնախնդիրները, որ, ցավոք, ինչ-ինչ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով բնորոշ են եղել այս կարևորագույն ոլորտին. Օհանյանի ղեկավարման մոտ 8 տարիները դարձան ապացույցն այն բանի, որ տարիների նպատակաուղղված աշխատանքի, հասարակության հետ սերտ համագործակցության և օժանդակության պարագայում միանգամայն հնարավոր է հասնել հսկայական բարձունքների բանակային կարգապահության, զինված ուժերի պատրաստության ոլորտներում:

Սեյրան Օհանյանի մեծագույն ձեռքբերումներից մեկն, անշուշտ, պետք է համարել նախևառաջ զինված ուժերում արդարության սկզբունքի ու բարեվարքության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված այն հստակ քաղաքականության ներդրումը, որի շնորհիվ այսօր կարող ենք հպարտորեն ասել, որ հայկական բանակն իր ներքին կարգապահությամբ ու կազմակերպվածությամբ առաջինն է Անդրկովկասում:

Հատուկ այս նպատակների համար էր նաև, որ նախարար Օհանյանի հրամանագրով ստեղծվեց «ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը», որ, պետք է ասել, նոր մակարդակի բարձրացրեց բանակում առկա մի շարք արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունն՝ այդպիսով է՛լ ավելի շոշափելի դարձնելով դրանց դեմ տարվող պայքարը: Նոր մակարդակի հասցվեց նաև կադրային քաղաքականությունն, ինչի շնորհիվ հրամանատարական բոլոր օղակներում հաստատվեց արդարացի և արժանահավատ մթնոլորտ՝ մթնոլորտ, որն անհրաժեշտ է հայրենասեր, համարձակ, բարեկիրթ ու արհեստավարժ հրամանատարներ պատրաստելու համար:

Նորություն չէ, որ բանակային զորակոչը մշտապես մեզանում ընկալվել է որպես կոռուպցիոն առավելագույն ռիսկեր պարունակող գործընթաց: Այժմ արդեն վստահաբար կարելի է ասել, որ շնորհիվ վերջին տարիների հետևողական աշխատանքի հնարավոր եղավ առավել մեծ հսկողության տակ վերցնել գործընթացն ու ամեն կերպ բացառել հնարավոր ռիսկերի առաջացումը. նորակոչիկների բաշխման վիճակահանության սկզբունքը, անկասկած, արդարացրել է իրեն, ինչի արդյունքում հայաստանյան հասարակությունում զորակոչի նկատմամբ այժմ արդեն ձևավորվել է աննախադեպ վստահություն:

Չափազանց կարևոր էին նաև Հայաստանում ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերը, ինչի շնորհիվ Հայաստանում ռազմական արդյունաբերությունը ոչ միայն վերակենդանացել է, այլև զարգանում է յոթ մղոնանոց քայլերով՝ նոր մակարդակի բարձրացնելով հայկական բանակի ընդհանուր մարտունակությունն ու դարձնելով զինված ուժերը հնարավորինս ինքնաբավ. հենց Օհանյանի հետևողական ու անխոնջ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ ամրացնել հայկական բանակի թիկունքը, հանգամանք, որ հույժ կարևոր նշանակություն ունի հայոց պետականության անսասանության պահպանման հարցում:

Իհարկե, վերջին ութ տարիների ձեռքբերումներն ամենևին էլ վերը թվարկվածներով չեն ավարտվում, ու բազում են այն բարեփոխումներն ու կառուցողական քայլերը, որոնց շնորհիվ հայոց բանակն այսօր անսասան է, անպարտ, ինչի լավագույն ապացույցը դարձավ հատկապես ապրիլյան պատերազմի օրերին մերոնց մղած պայքարը, որ, արդարև, հավերժացել է ռազմագիտական պատմության փառահեղ էջերում: Ինչ խոսք, ասել, թե բանակում այլևս խնդիրներ չկան, ցավոք, դեռևս ոչ ոք չի կարող (բանակը խիստ բարդ կենդանի օրգանիզմ է, որ չի կարող լիովին զերծ լինել խնդիրներից), բայց հաստատապես կարող ենք պնդել ու փաստել, որ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ գործիքակազմերն այլևս առկա են, ներդրված. այսօր արդեն հայոց բանակի ընդհանուր պատրաստվածությունն ու մակարդակը շատ ավելի բարձր է, քան որևէ մեկը կարող է նույնիսկ պատկերացնել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *