Առողջապահության ոլորտը՝ բարձիթողի վիճակում

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը թիվ 2 բուժմիավորման գլխավոր տնօրեն բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Խաչատրյանի հետ զրուցել է առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին:

-Պարոն Խաչատրյան, որո՞նք են հիվանդանոցային ծառայության այսօրվա խնդիրները, ի՞նչ ունենք այսօր.

-Այսօր մենք ունենք պետական պատվերի համակարգ, որը, համաձայն պետության կողմից հաստատված ցանկի, առաջարկում է բնակչությանը պետպատվերի սահմանում անվճար բուժօգնություն: Պետությունը տարբեր հիվանդությունների համար տրամադրում է ինչ որ X գումար, դրան ավելանում է համավճար, գոյացած գումարով հիվանդանոցները պարտավոր են իրականացնել բուժօգնություն՝ սկսած հետազոտություններից՝ վերջացրած դեղորայքային ապահովումով: Կան սոցիալապես անապահով մարդիկ, որոնք նույնպես պետության կողմից պատվերի սահմանում բուժօգնություն են ստանում՝ առանց համավճարի, երրորդ խումբը՝ սոցփաթեթի շահառուններն են՝ ուսուցիչներ, քաղծառայողներ, զինվորականներ:

Առողջապահության ոլորտում ստվերները, առկա խնդիրները պետության կողմից բժշկական շուկայի գնահատված չլինելու պատճառով է առաջացել: Օրինակ, գլխուղեղի կաթված (ինսուլտ) ախտորոշման դեպքում պետությունը բուժման համար մեզ տրամադրում է 184 հազար դրամ, մենք պարտավոր ենք նաև քաղաքացուց համավճար վերցնել՝ 150.000 դրամ: Այդ գումարի շրջանակում պետք է իրականացնենք բուժծառայություն, ինչը բավականին քիչ գումար է և հնարավորություն չի տալիս որակյալ ծառայություն մատուցել:

-Կա՞ն չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվեք բուժծառայություն իրականացնելիս.

— Ցավոք, չունենք չափորոշիչներ: Չկա չափորոշիչ, թե գլխուղեղի կաթվածը ինչպես պետք է բուժենք, ինչ հետազոտություններ պետք է արվի, ինչ դեղորայքային խումբ պետք է օգտագործվի, սահմանված չի բուժօգնության մոտավոր ժամկետները, այդ ամեն ինչը հստակեցված չէ, ավելին՝ ճկուն չէ տրամադրվող գումարը, որը պետք է ծախսվի: Արդյունքում՝ այդ գումարով չենք կարողանում լիակատար, որակյալ բուժծառայություն իրականացնել, այն իրատեսական գումար չէ, ինչը լուրջ խնդիր է առաջացնում՝ դժգոհություն:

-Այս դեպքում, ինչպե՞ս եք լուծում բուժհաստատությունում առաջացած ֆինանսական խնդիրները.

-Այդ խնդիրները լուծվում են հիվանդանոցի ռեզերվների հաշվին, արդյունքում՝ հիվանդանոցի զարգացման համար գումար չի մնում, մենք ստիպված ենք լինում անգամ օգտագործել այն դեղորայքը, որը կարողանում ենք գնել, բայց, եթե ֆինանսները հնարավորություն տային, ավելի արդյունավետ դեղորայք կօգտագործեինք:

Ասեմ, որ տուժում են նաև վճարովի ծառայությունները, քանի որ այս ոլորտում էլ ահռելի հարկեր են սահմանված:

-Ի՞նչ խնդիր կան սոցփաթեթի շրջանակներում մատուցվող բուժծառայությունների շրջանում.

-Մի քանի տարի առաջ բավականին լավ համակարգ էր գործում՝ ապահովագրական ընկերությունների միջոցով: Ժողովուրդը շատ գոհ էր, քանի որ խնդիրներին լուծում էր տրված, ընկերությունները պաշտպանում էին իրենց հաճախորդներին, մենք աշխատում էինք ապահովագրական ընկերությունների հետ և ոչ մի խնդիր չէր առաջանում, իրենք էլ ծառայության որակ էին պահանջում, բայց չհասկացա՝ ինչու տվեցին պետությանը, այսօր սոցփաթեթի գումարները վերջացել են: Բյուջեն, որ պետությունը տրամադրում էր հիվանդանոցներին, վերջացել է, իսկ ապահովագրական ընկերությունների ժամանակ նման խնդիր չէր առաջանում:

Հնարավոր է վերահսկողության խնդիր կար, բայց թող վերահսկեին: Այս նոր մեթոդը հետքայլ է, մենք ժողովրդից բազմաթիվ բողոքներ ենք ստանում:

Ես, որպես բժշկական հիմնարկի ղեկավար, կարծում եմ, որ սոցփաթեթների նախկին մեխանիզմը, թե՛ բժշկության, թե՛ սոցիալական, թե՛ ֆինանսական արդյունավետությամբ, միանշական, արդյունավետ էր, իսկ այսօր գումարները փոշիացվում են, ինչը ապահովագրական ընկերությունները թույլ չէին տալիս: Երբ պետությունը կուտակում է իր մոտ գումար և այնուհետև վերաբաշխում՝ սկսվում են կոռուպցիոն ռիսկերը:

-Այնուամենայնիվ, փոխվեց Կառավարության կաբինետը, այդ թվում՝ նախարարը, ի՞նչ եք կարծում, բարձրացված խնդիրները լուծում կստանա՞ն.

-Ես համոզված եմ, նորանշանակ առողջապահության նախարարը, վարչապետը կառողջացնեն առողջապահական համակարգը, որպեսզի կարողանանք մարդկանց համար հասանելի բժշկական օգնություն ցուցաբերել:

Եթե մենք համակարգը թվայնացնենք, լուրջ հետազոտության ենթարկենք մեր ռեզերվը, մշակենք տեսլական, թե ինչ համակարգ ենք ուզում ունենալ, արդյունք կստանանք: Ապագան, միանշանակ, բժշկական ապահովագրությունն է, 20 տարի է խոսում ենք դրա մասին, բայց ոչ մի կոնկրետ քայլ մինչ այսօր չի ձեռնարկվել: Հույս ունեմ, որ մեր նոր նախարարը այս խնդիրների լուծմանը ձեռնամուխ կլինի:

Պետք է ոլորտը պատրաստենք, սահմանենք չափորոշիչները, հստակեցնենք լիցենզավորման կարգը, մասնագետների հավատարմագրման կարգը, բարելավենք օրենսդրական բացերը:

Զրուցեց՝ Նելլի Ավետիսյանը

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *