«Միասնություն» շարժումը հայաստանյան քաղաքական քարտեզը վերաձևավորման կենթարկի

«Չորրորդ իշխանություն»-ն այսօրվա համարում գրում է.

«ՉԻ» տեղեկություններով «Միասնություն» ազգային համաձայնության շարժում անունով նոր ուժ է առաջիկայում հայտնվելու դաշտում: Չնայած անվան մեջ շարժում բառի առկայությանը, մեր տեղեկություններով, այս ուժն առաջիկայում միավորելու է տարբեր կուսակցությունների՝ դառնալով դաշինք, ապա գրանցվելու է որպես կուսակցություն: Շրջանառվող լուրերի համաձայն՝ շարժման շարքերում հասարակական լայն շրջանակների հայտնի անունները գերակշռող չեն: Բանն այն է, որ շարժման (կուսակցության) կորիզը նոր սերնդի դեմքեր են, որոնք, ըստ էության, որոշել են քաղաքական հայտ ներկայացնել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Շարժման նախաձեռնողն ու ղեկավարը Արման Վարդանյանն է, ով Գագիկ Բեգլարյանի՝ Երևանի քաղաքապետ եղած տարիներին գլխավորել է ամենամեծ խմբակցություններից մեկը: Վարդանյանը, սակայն, Բեգլարյանի հետ տարաձայնությունների արդյունքում՝ լքեց խմբակցության ղեկավարի պաշտոնը: Հիմա վերջինս որոշել է վերստին զբաղվել ակտիվ քաղաքականությամբ՝ մեկ կուսակցության շարքերում համախմբելով այն երիտասարդներին, որոնք իրենց պատկերացումներն ունեն Հայաստանի ապագայի մասին և որոնց չի բավարարում այսօր երկրում ստեղծված մթնոլորտը:

«ՉԻ» տեղեկություններով՝ այս պահին երիտասարդներն աշխատում են ծրագրի վրա: Ի դեպ՝ շարժումը, բացի իր համախոհների հավաքագրման ակտիվ գործընթացից, գրասենյակներ է հիմնադրել հանրապետության խոշոր քաղաքներում: Խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, և արդեն խաղացողների շարքերում՝ նոր ուժեր են հայտնվում: Այս դեպքում ոչ թե հին, այլ` նոր անուններով ու դեմքերով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *