Իշխանությունները համաներումը պահում են ընտրությունների համար

Սեպտեմբերի 21-ին համաներում էր լինելու: Ամեն դեպքում՝ սպասվում էր: Քննարկվում էր, որ անկախության 25-ամյակի առթիվ մեծ թվով կալանավորներ ազատ կարձակվեն:

Չեղավ: Չարձակվեցին: Սեպետմբերի 21-ն անցել է, սակայն դեռ շշուկ անգամ չկա, որ համաներում է լինելու:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ 2016-ին համաներում չի լինի: Այն պահվել է 2017-ի համար՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ:

Գործող իշխանությունների համար համաներումը ծառայելու է որպես շահեկան խաղաքարտ՝ դրական վերաբերմունք շահելու և ընտրական ձայներ կորզելու համար:

Արդեն իսկ փաստաբանները հայտարարում են, նաև մեր աղբյուրներն են փաստում, որ համաներումը տարածվելու է մի քանի քաղբանտարկյալների, նաև «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից մի քանիսի վրա: Թվով 10-րդ հոբելյանական համաներումը տարածվելու է շատերի վրա:

Որպես տեղեկատվություն՝ նշենք, որ համաներումը սովորաբար տարածվում է այն անձանց վրա, ովքեր դատապարտվել են ազատազրկման՝ մինչեւ երեք տարի ժամանակով, դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատիժների, կամ ազատազրկման վայրերից ազատվել են պայմանականորեն՝ պարտադիր կարգով աշխատանքի ներգրավմամբ:

Իր պաշտոնավարման ընթացքում նախագահ Սարգսյանը համաներում հայտարարել է 3 անգամ՝ 2009, 2011 և 2013 թվականներին:

Շատերը, հաշվի առնելով այս 2 տարին մեկ կատարվող գործընթացը՝ համոզված պնդում էին, որ համաներում կլինի նաև 2015 թվականի ապրիլի 24-ին: Առիթն էլ լինելու էր Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Մի շարք լրատվամիջոցներ նույնիսկ պնդում էին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն համաներման խնդրագիր է ներկայացրել նախագահին:

Երբ բոլոր լուրերը հերքվեցին, քննարկում սկսվեց, որ հնարավոր համաներումը լինելու է մայիսի 9-ին՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ հոբելյանին:

Սակայն, ինչպես տեսնում ենք,  այն պահվել է իշխանությունների համար առավել շահեկան օրվա համար:

Ի դեպ՝ մինչ այժմ համաներումը հայտարարվում էր նախագահի առաջարկով, որոշումն ընդունվում էր Ազգային ժողովի կողմից: Սահմանադրական փոփոխություններով փոխվել է նաև համաներում հայտարարելու կարգը: Այն առաջարկելու է կառավարությունը, իսկ ընդունողը մնացել է նույնը ՝ ԱԺ-ն:

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *