Գազի սակագնի իջեցումը կապված է նախընտրական շրջանի հետ. տնտեսագետ

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հայաստանի հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը կարծիք հայտնեց, որ սակագնի նվազեցումն ավելի շատ կապվում է նախընտրական շրջանի հետ.

Ըստ տնտեսագետի՝ սակագները վերաբերում են ամբողջ բնակչությանը. «Այս քայլով փաստացի ունենում ենք թեկուզ չնչին ազդեցություն, բայց ազդեցություն է տեղի ունենում ամբողջ բնակչության վրա: Կառավարությունը, որ  նախկինում հազվադեպ էր նման դրական  քայլեր անում, փորձում է դրական  տպավորություն ստեղծել հասարակության մոտ, թե՝ տեսեք՝ կառավարությունը մեկ ամսվա ընթացքում քայլ արեց. ընտրություններին ձայն տվեք և առաջիկա հինգ տարում շատ դրական քայլեր կանենք: Նման պարզագույն գործիքներ՝ իշխանությունը փորձում է կիրառել ընտրություններից առաջ»:

Սակայն տնտեսագետը համաձայն չէ այն մտքի հետ, որ գազի գնի նվազեցումը իշխանություններին վարկանիշի էական բարձրացում կապահովի, քանի որ սրան զուգահեռ՝ մյուս խնդիրներն ավելի են խորանում ու իրենց վարկանիշը դրանից ավելի է նվազում:

«Գազի գնի իջեցումը բաժանենք երեք խմբի: Առաջինը՝ բոլոր սպառողների համար նախատեսվում է մոտավորապես 7 դրամի նվազեցում: Հաշվի առնելով կոմունալ ծախսերի մասնաբաժինը, որը բավականին մեծ է, այդ 7 դրամը լուրջ ազդեցություն չի ունենա, բայց ցանկացած ծախսի խնայողություն՝ դրական է: Այստեղ հատկանշական է գազի սակագնի նվազեցումը՝ մյուս երկու խմբի համար. խոսքը վերաբերում է ընտանեկան նպաստ ստացող, ընտանեկան խմբի մեջ ներառված քաղաքացիներին, որոնց համար գազի սակագինը 147 դրամից դառնում է 100 դրամ: Նրանց համար էական նվազում է տեղի ունենալու: Այստեղ կարևոր է հասկանալ այդ խմբում ընդգրկված քաղաքացիների մասնաբաժինը: Երրորդ խումբը վերաբերում է արտադրության որոշ մասին՝ ջերմոցային և վերամշակող ընկերություններին, որոնց համար գազի սակագինը սահմանված է դոլարով, այսինքն՝ դոլարի փոխարժեքից է կախված: Այդ տեսանկյունից երկու տարի առաջ փոխարժեքի բարձրացումը 20 տոկոս բարձրացրեց գազի գնի սակագինը այդ մարդկանց համար»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ գազի գնի իջեցումը տնտեսության վրա որոշ չափով ազդեցություն կունենա, բայց չի ունենա այնպիսի ազդեցություն, որ ամբողջ տնտեսությունը դրանից աշխուժանա:

«Այս դեպքում հստակ նվազելու է գազի սակագինը, սակայն պետք է հիշել, որ, օրինակ՝ 2013 թվականին գազի սակագինն ավելի ցածր էր, քան հիմա, երբ ունենում ենք նվազեցման արդյունքում: 2013 թվականին ունեինք 132 դրամ սակագին, հիմա դառնում է 139 դրամ: Լավագույն դեպքում՝ վերադառնում ենք երեք տարի առաջվա մակարդակին»,- ասաց տնտեսագետը և հավելեց՝ «գազի սակագնի նվազեցման արդյունքում բնակչության համար լուրջ փոփոխություններ  չենք ունենում»:

Մեր այն հարցին, թե որքանո՞վ է իրական գազի գնի իջեցումը, և հնարավո՞ր է՝ որոշ ժամանակ անց նորից բարձրանա, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց.

«Եթե երկարաժամկետ հատվածում նայենք, գնի բավականին լուրջ բարձրացում տեղի էր ունեցել ու հիմա տեղի է ունենում իջեցում»:

Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ փոքր և միջին բիզնեսի վրա գազի սակագնի նվազումը անդրադարձ չի ունենա, քանի որ փոփոխությունը տարածվելու է ջերմոցային տնտեսությունների ու վերամշակող արտադրությունների վրա միայն: Իսկ այդ երկու ոլորտները տնտեսության զարգացման գործում կարևորագույն ոլորտները չեն, այնպես որ՝ ամբողջ տնտեսության զարգացման առումով՝ տեղաշարժ չի լինի:

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *