Ինչեր ասես, որ չեն անի այդ փողերը

«Ո՞րն է Հայաստանում յուղոտ պաշտոնի անցնելու հիմնական գաղտնիքը» հարցի պատասխանը, թերևս, գիտեն ոչ միայն նրանք, ովքեր գործի բերումով հաճախ են շփվում պետական համակարգի հետ՝ տեղյակ լինելով բոլոր տիպի ծակուծուկերին, այլև նույնիսկ մանկահասակ երեխաները, ովքեր այնքան էլ շատ բան չեն հասկանում այս կյանքից:

Իսկ վերոհիշյալ հարցի պատասխանն առավել քան պարզ է՝ ամեն գնով կարողանալ շահել վերևների վստահությունն ու ի վիճակի լինել՝ մաղարիչ անելու համապատասխաններին. Հայաստանում անձի կարյերայի աճի գործում հիմնահենքային դեր է խաղում փողը:

Շուտով հանրապետությունում ՏԻՄ ընտրություններ են: Արթիկում, ուր նախընտրական կրքերը թևակոխել են եռման առավել ակտիվ փուլ, տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք, եթե անկեղծ, որևիցե կերպ առողջ չես համարի. ՀՀԿ-ն, հավատարիմ բոլոր ժամանակների իր գործելաոճին, քաղաքում անում է ամեն բան՝ թույլատրելի ու անթույլատրելի՝ առաջ մղելու Անապայում բիզնեսներ ունեցող նախկին ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին: Բայց այստեղ զավեշտն այն է, որ, միգուցե ՀՀԿ-ի համար բոլորովին անսպասելի, Պետոյանն այնքան ոչ պոպուլյար է դուրս եկել, որ հիմա ՀՀԿ-ն, ճարը հատած, փորձում է ամեն ինչ անել՝ մաքրելու այն ճանապարհը, որը Պետոյանին ի վերջո քաղաքապետարան է հասցնելու և բազմեցնելու այդքան ցանկալի աթոռին. նույնիսկ ներկայիս քաղաքապետ Արսեն Աբրահամյանին են համոզել «յան տալ»՝ խոստանալով մարդուն անգործ չթողնել: Հանրապետականների ատամի տակ են ընկել նաև Մխիթար Վարագյանն ու Արտակ Հարությունյանը:

Հիմա՝ հարց՝ ՀՀԿ խոսնակներին՝ որքանո՞վ է այս ամենը տեղավորվում իրենից ամեն գնով Հայաստանում ժողովրդավարության փարոսի հասարակական կերպար կերտել փորձող Հանրապետական կուսակցության չեղած իմիջի մեջ: Եթե ամեն գնով փորձում եք Արթիկի քաղաքապետ դարձնել ձեր ուզած մարդուն, բարի՛ եղեք՝ գոնե առաջ քաշել այնպիսի մեկի թեկնածությունն, ով գոնե ինչ-որ չափով հեղինակություն կվայելի ժողովրդի շրջանում:

Ի՞նչ իմաստ ունի խաղադրույք կատարել մեկի վրա, ով կատարյալ «ջառմա» է դարձել ՀՀԿ-ի գլխին, ու հիմա կուսակցությունը, թողած իր ողջ դարդուցավը, փորձում է գլուխ հանել այն գործից, որը, ըստ էության, ելնելով նյութական շահագրգռվածությունից, հանձն է առել՝ տանելու մինչև վերջ (գաղտնիք չէ, որ մեր երկրում ամեն մի պաշտոն իր որոշակի գինն ունի, որը ոչ բոլորն են ի վիճակի լինում վճարել. Պետոյանի ուժը, հավանաբար, պատել է):

Բայց այս ողջ պատմության մեջ ամենախորհրդավոր հարցը, թերևս, այն է, թե ինչպես, այնուամենայնիվ, Պետոյան Մուշեղին հաջողվեց դառնալ ՀՀԿ սիրելին, ինչպես պատահեց, որ նախկին ընդդիմադիրը հաջողացրեց սահուն կերպով վերափոխվել իշխանականի, ու հիմա իր նախկին հակառորդներին կարողանում է ստիպել աշխատել իր օգտին: Երևի, այնուամենայնիվ, Անապայի բիզնեսներն ինչ-որ դերակատարություն ունեցել են այս հարցում, ու փողով գնել է բոլորին…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *