«Նաիրիտ»-ում սկանդալ է հասունանում. փողերի լվացման գործում ներգրավված Ռաֆիկ Սանդոյանը նշանակվել է տնօրեն

Նաիրիտ» գործարանն այլևս նոր տնօրեն ունի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին գործարանի աշխատակիցները: Արդեն նախկին տնօրեն Ռուբեն Սաղաթելյանին փոխարինելու է եկել իրավական հարցերով խորհրդական Ռաֆիկ Սանդոյանը: Նա Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի եղբայրն է:

Իսկ ո՞վ է Ռաֆիկ Սանդոյանը՝ տնօրենի խորհրդական լինելուց բացի

Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ դեռևս 2002 թվականին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի իրավանախորդ «Նաիրիտ Ռանսաթ» ՓԲԸ-ի և «Էսմայեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» (Esmaeil Motavalli Soufiani Traiding) ընկերության միջև կնքվել է կաուչուկի մատակարարման պայմանագիր, համաձայն որի՝ «Նաիրիտ»-ը պարտավորվել է մինչև 2700 տոննա քլորոպրենային կաուչուկ մատակարարել՝ 1տ-1500 դոլարին համարժեք դրամով:

3 ամիս անց՝ 2003թ.-ի հունվարին՝ նույն ընկերությունները կնքել են համաձայնագիր, որով արձանագրել են, որ «Էսմայեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերություը  ցուցահանդեսներում «Նաիրիտ»-ի ապրանքների գովազդի հետ կապված աշխատանքներ է իրականացրել: Կատարած աշխատանքների գինը, ըստ համաձայնագրի, կազմել է 882 մլն դրամ, որը համարվել է որպես մատակարարվող ապրանքների դիմաց արված կանխավճար, և «Նաիրիտ»-ը պարտավորվել է պարսկական ընկերությանը մատակարարել 1000 տոննա քլորոպրենային կաուչուկ՝ համաձայնագրի կնքման պահից 60 օրվա ընթացքում: Սակայն պարսկական ընկերությունը փոխադրամիջոց չի ուղարկել, և մատակարարումը տեղի չի ունեցել:

2008թ.-ին, «Էսմայեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իր պահանջի իրավունքները զիջել է անհայտ ծագման «Նումարդ թրեյդինգ» (Numard Trading) ընկերությանը, որը և 2009 թվականին դատական հայց է ներկայացրել գործարանի դեմ՝ պահանջելով վերադարձնել 882 մլն դրամը և տոկոսները: Իսկ դա կազում է շուրջ 5 մլրդ դրամ:

Սակայն, գործարանի ներկայացուցիչները պատասխանել են, որ հայցը պետք է ներկայացվեր ողջամիտ ժամկետներում և հաշվի առնելով վաղեմության ժամկետը (3 տարի): Դատավարության ընթացքում «Նումարդ թրեյդինգ» ընկերությունը դատարան է ներկայացրել մի գրություն, իբրև՝ «Էսմայեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը 2006-ին գրավոր դիմել է պատասխանող ընկերությանը՝ պարտավորությունների կատարման խնդրանքով:

Այդ ժամանակ գործարանի տնօրեն Կարեն Իսրայելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ նման գրություն պարսկական ընկերությունից՝ իրենք չեն ստացել: Նրա խոսքով՝ «Նաիրիտ»-ում գրությունները միայն թվերով են մուտքագրվում, իսկ այս մեկում առկա է «Ա» տառը (1163 Ա): Իսրայելյանն ասում է՝ դա նշանակում է՝ այդ նամակը միգուցե հետագայում է «մուտք արվել» գործարան:

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը բավարարել է պարսկական ընկերության հայցը՝ պարտավորեցնելով «Նաիրիտ»-ին վճարել շուրջ 5 մլրդ դրամ՝ մայր գումարը և տուգանքները: Այդ ժամանակ «Նաիրիտ» գործարանի տնօրենը եղել է Վահան Մելքոնյանը, ով, ըստ տրամաբանության, այս բոլոր գործարքներից տեղյակ է եղել: Իսկ նրա իրավաբանական գծով խորհրդական Ռաֆիկ Սանդոյանը պարզապես չէր կարող այս փաստաթղթերից տեղյակ չլինել: 

Այն ժամանակ՝ միայն մամուլի հրապարակումների և բարձրացված աղմուկի շնորհիվ, փողերի լվացման այս փորձը կանխվեց, սակայն իրավապահ մարմինների կողմից որևէ արձագանք չեղավ: Միայն ֆինանանսների նախարարության կողմից հնարավոր եղավ կանխել փողերի լվացման այդ փորձը՝ փաստելով, որ գործարքը եղել է անհիմն, ու դրա պատճառով՝ շուրջ 5 մլրդ դրամի պարտավորություն է դրվել գործարանի վրա: 

Այնուհետև՝ «Նաիրիտ»-ի ղեկավարությունը վերջապես վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել 2012 թվականին: Այդ ժամանակ Շենգավիթի դատարանի դատավոր, այժմ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված, դատավոր Իշխան Բարսեղյանը կիրառել է հայցային վաղեմությունը և ամբողջությամբ մերժել է հայցը: Դատարանը վճռել է «Նումարդ թրեյդինգ» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե՝ որպես պետական տուրք բռնագանձել 247 մլն դրամ, որից շուրջ 98 մլն դրամը՝ չվճարված պետական տուրքի գումար, իսկ մոտ 148 մլն-ը՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վճարված պետական տուրքի գումար: Իշխան Բարսեղյանի այս որոշումից հետո ի հայտ է գալիս ևս մեկ ապօրինություն:

Նախ առաջին. դատավոր Արա Կուբանյանն առանց պետտուրքի է հայցն ընդունել: Երկրորդ՝ Իշխան Բարսեղյանը հայցն ամբողջությամբ է մերժել, ներառյալ՝ մայր գումար՝ 882 մլն դրամը, որն, ըստ տրամաբանության, պարսկական ընկերությունը պետք է պահանջեր: Բայց առ այսօր որևէ հայց, որևէ դիմում, որևէ նամակ՝ այդ մասով չկա: Համաձայնեք, տրամաբանական չէ: Եթե իրականում նման ընկերություններ եղել են, ապա դրանք միանշանակ կպահանջեին իրենց մայր գումարը և չէին համաձայնի Բարսեղյանի որոշման հետ: Չէ՞ որ, ըստ կնքված պայմանագրի, «Նաիրիտ» գործարանը պարտավոր էր վճարել 882 մլն դրամ: 

Այս ամբողջ պատմության մեջ իր դերն է ունեցել գործարանի նորանշանակ տնօրեն Սանդոյան Ռաֆիկը, ում նշանակումը ունի մեկ նպատակ՝ վերջնականապես քանդել և վերացնել երբեմնի հսկա գործարանը:

Վերը շարադրվածից առաջանում են մի քանի հարցեր, որոնք վերաբերում են նորանշանակ տնօրենին և նրան նշանակողների:

Հարց նորանշանակ տնօրենին

1. Որպես գլխավոր տնօրենի՝ իրավական հարցերով խորհրդական, լավ ծանոթ լինելով նման խոշոր պահանջի մասին, որպես «Նաիրիտ» գործարանի շահերը պաշտպանող կողմ, ծանոթանալով վաղեմության ժամկետը ընդհատող գրության հետ, լավ իմանալով, որ այդ գրությունը կեղծված է, ինչու՞ չեք դիմել իրավապահ մարմիններին

2. Ի պաշտոնե լավ իմանալով, որ «Նաիրիտ» գործարանի հաշվապահական հաշվեկշռում այդ ընկերության նկատմամբ 882 մլն. դրամի պարտավորություն չկա, ինչո՞ւ չեք դիմել իրավապահ մարմիններին, տեղեկացնելով «Նաիրիտ»-ում կատարված կեղծիքների մասին

3. Իմանալով այն մասին, որ դատավոր Կուբանյանը իրանական կողմի հայցը ընդունել է վարույթ՝ առանց 98 մլն. դրամ պետտուրք գանձելու, ինչո՞ւ բացարկ չեք հայտնել դատավորին, քանի որ պարզ երևացել է, որ Կուբանյանը վստահ է եղել վերջնական վճռի վրա ու պարզ է եղել, որ իրանական կողմը կհաղթի ու իր հանդեպ պետտուրքի հարց չի առաջանա

4. Ինչո՞ւ առաջին ատյանի դատարանում պարտվելուց հետո չեք դիմել վերաքննիչ դատարան: Ինչո՞ւ միայն լրատվություններով աղմուկ բարձրացնելուց և «Հայգազարդ» ՓԲԸ-ի հայցը դատարանի կողմից վերադարձնելուց հետո եք մտել դատարան, որպես իրավական գծով խորհրդական, լավ իմանալով, որ «Հայգազարդ» ՓԲԸ-ն առաջին ատյանի դատարանում կողմ չի եղել և իրավունք չուներ հայց ներկայացնել այդ վճռով

5. Ինչո՞ւ դատավոր Բարսեղյանի կողմից «Նաիրիտ» գործարանի հանդեպ հայցը ամբողջությամբ մերժելուց հետո (մերժվել էր նաև 882 մլն մայր գումարը), տեղյակ լինելով, որ իրանական կողմից ոչ ոք նույնիսկ մայր գումարի համար չի բողոքարկել, չեք դիմել իրավական մարմիններին, ապացուցելու, որ այս գործարքում եղել է փողեր յուրացնելու միտում:

Հարց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Աշոտ Մանուկյանին

1. Ինչպե՞ս կարելի է այս պատասխանատու պաշտոնին նշանակել նման մարդու: Մի՞թե մարդուն որևէ պաշտոնում նշանակելուց առաջ չի ուսումնասիրվում մարդու արժանիքները, մի՞թե  հաշվի են առնվում միայն ընկերական հարաբերությունները:

2. Ի՞նչն էր տնօրենի՝ այդքան շտապ փոխարինման պատճառը: Եթե նույնիսկ Սաղաթելյանը դիմում է գրել, կարելի էր, որպես ժ/պ նշանակել նրա տեղակալներից որևէ մեկին (իսկ նրանք մի քանիսն են), և եվրոպական ընկերության հետ բանակցությունները ոչ բարեհաջող ավարտելուց հետո, կատարել այդ՝ Ձեզ համար շատ կարևոր փոփոխությունը:

Հ.Գ. Կապ հաստատեցինք գործարանի արդեն նախկին տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի հետ, ով բավական վրդովված էր և որևէ հարցի չպատասխանեց. «Դա քննարկման ենթակա չէ»:

Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *