Հուպ տվեք, լավ եղեք, մենք ձեր կարիքը զգում ենք. Կարեն Կարապետյանը՝ ուսանողներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շահագրգռված է, որպեսզի երիտասարդները ցուցաբերեն քաղաքացիական ակտիվություն, մեկը մյուսի նկատմամբ լինեն հանդուրժողական, սակայն լինեն անհանդուրժող անարդարության նկատմամբ: Այդ մասին ՀՀ վարչապետը նշեց Հայաստանի ազգային ագրարային պետական համալսարանում կրթաթոշակների հանձնման ժամանակ ունեցած իր ելույթում:

«Չափազանց շահագրգռված եմ, որ այն ուղին, որն ընտրել եք՝ գիտելիք ստանալ, կրթվել, շարունակեք: Դա չափազանց կարևոր է, մենք կատարել ենք հետազոտություններ, թե ինչ պետք է անել, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա: Մեր հիմնական թիրախն է՝ բոլոր ոլորտներում բարձրացնել արդյունավետությունը: Արդյունավետությունը շատ խիստ կախված է գրագիտության հետ, և կա վիճակագրություն, թե յուրաքանչյուր մեկ տարով ավելի սովորելն ինչ տոկոսով է ազդում արդյունավետության վրա: Նաև ունենք փաստ, որ կրթված զանգվածը մեր հասարակության մեջ բավականին բարձր է, բայց այն արդյ ունավետությունը, որ այսօր ունենք՝ չի բավարարում»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ խնդիր ու հրամայական կա բուհական համակարգը դարձնել ժամանակակից, որը կարձագանքի շուկայի պատվերներին:

«Այդ իսկ պատճառով, չափազանց շահագրգռված եմ, որ շարունակեք նույն տեմպերով, չափազանց շահագրգռված եմ, որ դուք կարողանաք ձեր վերաբերմունքը գիտելիքի, ուսման նկատմամբ վարակի նման տարածել, չափազանց շահագրգռված եմ, որ դուք լինեք հայրենասեր և սիրեք ձեր երկիրը, չափազանց շահագրգռված եմ, որ դուք քաղաքացիական առումով լինեք ակտիվ, հանդուժողական մեկը մյուսի նկատմամբ, բայց անհանդուրժող՝ անարդարության նկատմամբ, չափազանց շահագրգռված եմ, որ դուք ունենաք առողջ ապրելաոճ: Մենք իրականում Հայաստանում ունենք ունիկալ շանս, լինելով ավանդապաշտ, հարգելով մեր պատմությունը, կրթվելով, լինելով խելացի՝ լինենք բաց, հանդուրժող և ժամանակակից: Հուպ տվեք, լավ եղեք, մենք ձեր կարիքը զգում ենք»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *