Շոուն իր մեջ է, չի խաղում. քաղտեխնոլոգ

«Ակնհայտ է, որ «Հանրապետական» կուսակցությունն օգտագործում է վարչապետի բարձր վարկանիշը: Ես կարծում եմ, որ ի սկզբանե՝ դրան էլ ուղղված են եղել այն  փոփոխությունները, երբ նրան բերեցին և նշանակեցին վարչապետ, հետո էլ նրա համար ստեղծվեց մինչ օրս գոյություն չունեցող պաշտոն՝ կուսակցության առաջին տեղակալ: ՀՀԿ-ի նպատակն էր բերել վարչապետ՝ բոլորովին նոր, այլ խարիզմայով՝ հանրությանը ցույց տալու համար, որ նույն հանրապետականներն էլ են փոխվել: Անգամ Կարեն Կարապետյանի մշտական բնակության խոչընդոտը չխանգարեց, որ նա մասնակցի քարոզարշավին, եթե ոչ առաջադրված թեկնածու, ապա` որպես կուսակցության առաջին տեղակալ»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Հարցին՝ որո՞նք են այն ռիսկերը, որոնց գնում է վարչապետը՝ ստանձնելով մի ողջ կուսակցության վարկանիշի փրկման բեռը, Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Վարչապետը հսկայական ռիսկի է գնում՝ իր հետևից քաշելով կուսակցությանը: Այդ ռիսկն ամեն րոպե է: Եթե այս տարվա ընթացքում լուրջ, տեսանելի զարգացումներ և փոփոխություններ չլինեն, մարդիկ իրենց մաշկի վրա չզգան վարչապետի խոստացած միլիարդավոր ներդրումների արդյունքը, Կարեն Կարապետյանին հասարակությունը կսկսի ընկալել որպես շարքային ՀՀԿ-ական»:

Հասարակության մի հատվածի մոտ առկա է տեսակետ, որ քարոզարշավի ընթացքում վարչապետը շատ լավ շոու է անում: Արդյո՞ք Կարեն Կարապետյանը խաղում է հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցանկացած քարոզարշավ՝ ինքն իրենով շոու է, բայց պետք է նշեմ՝ այս վարչապետը պոպուլիստ չէ, նա խոստանում է այն, ինչ խոստանում էր նաև ամիսներ առաջ: Կարծում եմ՝ ռիսկը շատ մեծ է և շոուն իր մեջ է, իր տեսակն է այդպիսին՝ արտաքին տեսքից մինչև խոսելու ոճը՝ ներսից է, չի խաղում: Կարծում եմ՝ այդ կերպարի մեջ էլ կմնա: Եկեք հիշենք նրա մի խոսքը, երբ ասաց, որ քաղաքական գործիչ լինելն իր մանկության երազանքը չի եղել: Վստահ եմ՝ ճիշտ է ասել, որովհետև նա հեչ կուսակցական տիպաժ չէ»: 

Որպես վարչապետի թեկնածուներ՝ նշվում են Կարեն Կարապետյանի և Վիգեն Սարգսյանի անունները: Արդոք ՀՀԿ-ական այս երկու դեմքերին կտեսնե՞նք որպես մրցակիցներ հարցին՝ Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Պետության մեջ մի քանի ուժային կենտրոններ են ձևավորվելու և հաշվի առնելով, որ նրանք կարևոր դերակատարում ունեն նախագահ Սարգսյանի մոտ, կարող ենք փաստել, որ Վիգեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը  կլրացնեն իրար, չեն մրցակցի»:

Լուսանկարները՝ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *