Ճարպիկը…

Հայաստանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մի շարք դեմքեր շարունակում են իրենց մտքի թռիչքով ու ընտրությունների հանդեպ ցուցաբերվող «ստեղծագործական» մոտեցմամբ զարմանք հարուցել հասարակության շրջանում: Պարզվում է՝ այս առումով՝ վիճակն օրհասական է հատկապես Լոռիում՝ թիվ 9 ընտրատարածքում, ուր ռեյտինգային կարգով առաջադրված օդիոզների պակաս՝ կարծես չի զգացվում: Այստեղ միմյանց դեմ են առաջադրվել Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Արկադի Համբարձումյանը՝ երեքն էլ՝ իշխանական թևից:

Այս երեքից, սակայն, ինչպես պարզվում է, ձայներ բերելու հարցում առավել նրբանկատ է գտնվել հատկապես Կարեն Կարապետյանն, ով ինքն իր ու հարազատ կուսակցության համար ձայներ ապահովելու ճանապարհին՝ մտադրվել է կանգ չառնել որևիցե բանի առաջ: Մասնավորապես՝ պարզվում է՝ Կարապետյանն իր քաղաքական նպատակներին հասնելու համար որոշել է մի հետաքրքիր տրյուկ բանեցնել. ՀԷՑ-ի աշխատակիցներին տանում-գրանցում է հարազատ Տաշիրում՝ ընտրությունների օրն ամոթով չմնալու համար: Բնականաբար, վերագրանցվածներին նախապես բացատրվում է, թե ապրիլի 2-ին կոնկրետ ում է պետք ձայն տալ, որպեսզի և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարներն՝ անվնաս: Ավելին՝ նույն ՀԷՑ-ի օգնությամբ, ասում են, Կարապետյանը մեկ այլ հետաքրքիր միջոցի էլ է դիմում. «էլեկտրիկները» հարազատ թեկնածուի օգտին քվեարկողներին մասսայաբար 10.000 դրամանոց գիշերային հաշվիչներ են բաժանում: Մի խոսքով՝ տեղի է ունենում այն, ինչ քաղաքագիտական լեզվով՝ կոչվում է վարչական ռեսուրսների բացահայտ չարաշահում:

Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ պետք է այս կամայականությունների համար կոնկրետ պատասխանատվություն կրի, կամ ինչպե՞ս կարելի է նման երևույթների առաջն առնել մի պարագայում, երբ գործ ունես հստակ պլանավորված ու լավ հաշվարկված, անվրեպ իրացվող չարաշահման հետ. ենթադրելի է՝ ոչ մի կերպ:

Ցավոք, նմանատիպ երևույթները ևս մեկ անգամ փաստում են այն մասին, որ «ռեյտինգային ընտրակարգ» կոչվածը մեկ բանի է ծառայում՝ զոռբայությամբ ու փողի ուժով համապատասխաններին ձայներով ապահովելուն: Բանաձևը շատ պարզ է՝ նա է այս ամենի արդյունքում հասնում սպասված վերջնարդյունքի, ով ամենից ճարպիկն ու կեղծավորն է լինելու. այս համակարգում հաջողության հասնելու երկրորդ բանաձև՝ բնության մեջ ուղղակի գոյություն չունի:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *