Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնում է Ռոբերտ Քոչարյանին

Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հեռացումը և Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի սեպտեմբերի 8-ի նիստում այդ պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության հաստատումը, նրա վերադարձը հայաստանյան քաղաքական ասպարեզ շատերի կողմից անսպասելի էր՝ «որոտ անամպ երկնքում»։ Բազմաթիվ փորձագիտական վերլուծություններն ու ենթադրությունները «բացահայտեցին» Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խորքային կողմերը։ Սակայն ընդամենն օրեր անց արդեն իսկ որոշակի պարզություն մտավ ստեղծված իրավիճակի բացատրության համար։

Վարչապետի միակ թեկնածու Կարեն Կարապետյանը, ով 2011թ. անակնկալ կերպով հրաժարական տվեց և հեռացավ Հայաստանից, երբևէ չի համարվել Սերժ Սարգսյանի թիմի անդամ՝ չնայած իր հրապարակային հայտարարություններում բազմիցս է նշել հակառակը։ Իսկ այն, որ Կարապետյան պետական գործչի կայացումը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք և նրա որոշակի աջակցությամբ, շատերին է հայտնի։ Հետևաբար անմիջապես կարելի է վերհիշել վերջին մի քանի ամսիների ընթացքում քաղաքական դաշտում տեղի ունեցած իրադարձությունների խրոնիկան՝ ինչպես Հայաստան վերադարձավ և բարձր պաշտոնի նշանակվեց Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ կադր համարվող Արմեն Գևորգյանը, ինչպես քաղաքական համաձայնություն ձեռք բերվեց ՀՀԿ–ի և ՀՅԴ միջև՝ վերջինիս հնարավորություն տալով մասնակցել ՀՀ կառավարության գործունեությանը, և ամեն ինչ պարզ է դառնում։ Ներքաղաքական կյանքում նախապատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։

Այսօր՝ սեպտեմբերի 11–ին, մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանի օգնական Սևակ Լալայանին այդ պաշտոնում փոխարինելու է Ալեքսան Հարությունյանը, ով նախկինում զբաղեցնում էր Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ դրանից առաջ էլ զբաղեցրել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնը: Եվս մեկ գործիչ, ով Քոչարյանի քաղաքական թիմից է և ով զբաղվելու է մեդիա ոլորտի աշխատանքի վերահսկողությամբ։ Lurer.com–ի տեղեկություններով՝ այս փոփոխությունների շրջանակում Արմեն Գևորգյանը կնշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

Կարծում ենք՝ նմանատիպ նշանակումները կշարունակվեն, և սա ևս մեկ անգամ հաստատում է այն ենթադրությունը, որ Ռոբերտ Քոչարյանը շատ մոտ ապագայում մեծ կշիռ կստանա հայաստանյան քաղաքական դաշտում։ Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ դանդաղորեն, բայց սահուն կերպով կազմակերպվում է իշխանության հանձնումը Ռոբերտ Քոչարյանին։ Պռոքոչարյանական քաղաքական ուժերն ու գործիչները կվերականգնեն իրենց դիրքերը՝ ակտիվացնելով իրենց գործունեությունը։ Այս գործընթացից կարելի է ենթադրել նաև այն, որ 2017–ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում կստեղծվի երկիշխանություն։ Դա իր հերթին հնարավորություն կտա գործող իշխանություններին իրականացնել կառավարման լծակների հանձնումը Քոչարյանի թիմին՝ միևնույն ժամանակ նախապատրաստելով սեփական նահանջը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *