Վարդան Բոստանջյանը Գագիկ Ծառուկյանին տեսնում է վարչապետի պաշտոնում

Գեղարքունիքի մարզում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Վարդան Բոստանջյանը, պատասխանելով ԼՈւՐԵՐ.com-ի այն հարցին, թե գործնականում ինչպիսի՞ն է այս Ընտրական օրենսգիրքը, որով առաջին անգամ մեր երկիրը խորհրդարան է ընտրելու, պատասխանեց.

«Անպայման պետք է փոխվի: Այս Ընտրական օրենսգիրքը շատ վատ փաստաթուղթ է բոլոր առումներով՝ երկրի ներսում թշնամություն հրահրող և թշնամություն սերմանող փաստաթուղթ է: Կարծում եմ՝ մարդիկ այսօր նման օրենսգրքով ստիպված են գնում ընտրությունների, բայց անկախ օրենսգրքի ոչ ցանկալի տեսք ունենալուց,  ուզում եմ մտածել, որ մեր հասարակությունն, ամենայն հավանականությումբ, կանցկացնի ավելի բարձր մակարդակով ընտրություններ և ԱԺ-ում ավելի կոմպետենտ մարդկանց կհավաքեն:

Մեր այն դիտարկմանը, թե այսօր վարկանիշային թեկնածուների հիմնական մասը, ովքեր ռեալ հնարավորություն ունեն, բիզնեսմեններն են, թաղային հեղինակությունները, այս առումով, փաստորեն, ընտրական օրենսգիրքը քիչ հնարավորություն է ընձեռում իրական քաղաքական գործիչներին՝ ինքնարտահայտվելու և խորհրդարան մտնելու, և, փաստորեն, նոր խորհրդարանում ևս քիչ չեն լինի նման մարդիկ, Վարդան Բոստանջյանը համաձայնեց, բայց նաև հույս հայտնեց, որ նման մարդկանց կուսակցությունների առաջնորդները կմաղեն.

«Ես հակված եմ մտածելու, որ, այնուհանդերձ, ընտրությունների արդյունքում կմաղվեն օլիգարխ սուբյեկտները, որոնք, ըստ էության, զարգանալու առումով՝ անհրամարություն են պատճառում մեր հասարակությանը:

Լավագույն դեպքում՝ այդպիսիները կարող են կուսակցությունների համար ձայներ ապահովել և ոչ ավելին: Ինքը՝ կուսակցությունը, նաև իր հեղինակության մասին է մտածում, նրանք անկախ մեր կարծիքից՝ հասկանում են, որ, այնուհանդերձ, նոր մարդկանցով, դեմքերով, հասարակության մեջ չարատավորված մարդկանցով պետք է համալրվեն: Դրա վառ վկայությունն անգամ ցուցակների առաջին տասնյակն են»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Եղեգնաձորում խոսելով իր կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ, ասաց, որ չի բացառում՝ եթե համապատասխան վստահության քվեն ժողովուրդն իր առաջնորդած դաշինքին տա, ինքը մի որոշ շրջան կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, կդնի երկրի կառավարումը ճիշտ ուղու վրա և այն կհանձնի մեկ ուրիշին:

Մեր հարցին՝ ինքը Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետ տեսնո՞ւմ է, Բոստանջյանը պատասխանեց. «Ցանկացած առումով կարող եմ վարչապետի պաշտոնում տեսնել միայն Ծառուկյանին, բայց դա իմ անհատական, սուբյեկտիվ կարծիքն է, ինքը՝ Ծառուկյանը, հնարավոր է նաև՝ այդպես հարմար չգտնի»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *