«Ծառուկյան» դաշինքը կթելադրի խաղի նոր կանոնները…

Չնայած այս անգամ ևս իշխանություններին հաջողվեց տպավորիչ արդյունք գրանցել ընտրություններում, ու 6-րդ գումարման խորհրդարանում ևս իշխանական ուժերը կունենան գերիշխող դիրք, փաստը, սակայն այն, որ ընդդիրմությունը ևս բավական պատկառելի ներկայություն կարողացավ ապահովել Ազգային ժողովում, ինքնին չափազանց խոսուն ու գովելի է:

Պետք է նկատել, որ ընդդիմադիր ուժերը խորհրդարանում լինելու են երկուսը՝ «Ծառուկյան» դաշինքն ու ԵԼՔ-ը, ընդ որում՝ այստեղ ավելորդ չէ նկատել, որ ընդդիմության պատկառելի ներկայացվածության հանգամանքն իրողություն է դարձել բացառապես շնորհիվ երկրում թիվ մեկ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ծառուկյան» դաշինքի հավաքած հսկայական քվեի, որը մոտ 430.000-ի է հասնում. փաստացի՝ այսքան մարդ իր վստահությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին ու նրա կողմից գլխավորած թիմին, ինչը կոնկրետ իրավիճակ է փոխում խորհրդարանում:

Այսպիսով՝ արդեն իսկ հայտնի է, որ ՀՀԿ-ն ունենալու է 55 մանդատ, Ծառուկյան դաշինքը՝ 30, Ելք-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Անվիճելի է, որ խորհրդարան անցած ընդդիմությունը տիրապետելու է հզոր լծակների՝ շոշափելի ազդեցություն ունենալու օրենսդիր մարմնում ընդունվող որոշումների վրա: Ու չնայած՝ «Ծառուկյան» դաշինքը չհավաքեց 50%+1 ձայն, հետևաբար՝ կառավարություն չի ձևավորելու, ինչն, անշո՛ւշտ, ցավալի է, բայց կասկած լինել չի կարող այն բանում, որ ստացած մանդատները ևս բավարար են լինելու՝ անելու ամեն ինչ, պայքարելու մինչև վերջ՝ սեփական ծրագրերը Հայաստանում կյանքի կոչելու համար. դաշինքն այս իմաստով, պետք է նշել՝ չափազանց վճռակամորեն է տրամադրված ու մտադիր է արդարացնել այն հարյուր հազարավոր քաղաքացիների հույսերն ու սպասելիքները, ովքեր հավատալով, վստահելով քաղաքական ուժի ծրագրերին ու գաղափարներին, հզոր կամք ցուցաբերեցին ու քվեարկեցին հանուն վաղվա օրվա, հանուն զարգացման ու առաջընթացի. Ծառուկյանը մինչև վերջ լինելու է իր ժողովրդի կողքին:

Ինչ վերաբերում է ԵԼՔ-ին, որն, ինչպես հայտնի է, հանդես է գալիս առավելապես արևմտամետ դիրքերից, ապա պետք է նշել, որ այս ուժն, ըստ էության, փորձելու է իրեն մատուցել որպես կապող օղակ՝ Ազգային ժողովի ու Արևմուտքի միջև. առհասարակ՝ ԵԼՔ-ի՝ խորհրդարանում հայտնվելու բուն պատճառը Արևմուտքին ընդառաջելու՝ իշխանությունների ձգտումը պետք է համարել: Այս իմաստով՝ ԵԼՔ-ն իշխանությունների համար հարմար գործիք կարող է դառնալ:

Քաղաքական դաշտի կարևորագույն հարցն այսօր, թերևս, վերաբերում է նրան, թե միմյանց հետ ինչ հարաբերություններ կփորձեն վերակառուցել ներկայում իշխանության մաս կազմող Հանրապետականն ու Դաշնակցությունը: Հարցն իրոք որ ինտրիգային է, քանի որ, միանշանակ պատասխան՝ կոալիցիոն հարաբերությունները վերաթարմացնելու վերաբերյալ, կարծես՝ դեռևս չկա: Ճիշտ է՝ Շարմազանովի վերջին հարցազրույցներից մեկը կարծես որոշակի հստակություն մտցնում էր այս հարցում, սակայն դեռևս վերջնական դիրքորոշում սույն խնդրի վերաբերյալ՝ ՀՀԿ-ն չի հայտնել: Բայց գրեթե 99% հավանականությամբ կարելի է ասել, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, առաջիկայում կմնան կոալիցիոն հարաբերությունների մեջ, քանի որ անցումային այս շրջանում բոլորն էլ հասկանում են՝ գնալ արմատական տեղաշարժերի՝ սխալ, ու գուցե նաև ռիսկային կլիներ: Իսկ ա՛յ՝ թե ինչ կլինի 2018-ից հետո, սա արդեն քննարկման մեկ այլ՝ շատ ավելի խրթին թեմա է:

Բայց ինչ էլ կատարվի, մեկ բան անքննարկելի է մնում՝ ժողովրդի ձայնն այլևս խորհրդարանում չի լռեցվելու, ու միայն «Ծառուկյան» դաշինքի պատկառելի ներկայությունն ԱԺ-ում բավական է, որպեսզի իշխանությունները ստիպված լինեն ընդունված ամեն մի որոշման համար հաշվետու լինել հասարակությանը. օրենսդիր մարմնի գլխավոր ու թիվ մեկի շահառուն ժողովուրդն ինքն է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *