Գիրքը կարդացել եմ մատիտը ձեռքիս. հայագետ Ռաֆայիլ Զինուրովը՝ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի գրքի մասին

Մոսկվայի «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում տեղի ունեցավ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի «449-451 թթ. հայ-պարսկական պատերազմի ռազմական պատմությունը» մենագրության շնորհանդեսը:

Միջոցառումը, որին մասնակցեցին ռուսաստանյան հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, պատմաբաններ և քաղաքագետներ, կազմակերպել էր ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը` «Զգու՛յշ, պատմական փաստեր են» ծրագրի շրջանակում:

Այն բացեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, նշելով, որ ներկայացվող մենագրությունը հանդիսանում է հայ-պարսկական պատերազմի ռազմական տեսանկյան ամբողջական լուսաբանումը և դրա բոլոր վեց փուլերի մանրամասն ներկայացումը: «Իբրև պատմաբան, ցանկանում եմ նշել, որ հեղինակը վերլուծել է անտիկ և վաղ միջնադարյան ռազմական մտքի սկզբնաղբյուրները և դրա հիման վրա հայկական բանակի հայեցակարգը, կառուցվածքն ու գործողությունները ներկայացնում է տվյալ պատմական փուլի ռազմական արվեստի հետ համեմատելով»,–ընդգծեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահը: «Այս աշխատանքը լուրջ ներդրում է Հայաստանի ռազմական պատմության ուսումնասիրության և հայկական ռազմապատմագիտական դպրոցի ձևավորման գործում»:

Գիրքը բարեկամ հայ և պարսիկ ժողովուրդների պետական կարգերի և բանակների կառուցվածքների համակարգված վերլուծությունն է, ինչը բարձրացնում է նրա արժեքը տարածաշրջանային պատմագրության համար: «Ցավոք, մեր տարածաշրջանի պատմությունը ենթարկվում է կեղծարարության փորձերի, իսկ դրա դեմ կարելի է պայքարել այնպիսի ուսումնասիրություններով, որոնք հենված են փաստերի վրա: Փաստերի հետ չեն վիճում, դրանք ուսումնասիրում և հաշվի են առնում», – ընդգծեց «Զգու՛յշ, պատմական փաստեր են» ծրագրի նախաձեռնող Յուրի Նավոյանը:

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, հայագետ Ռաֆայիլ Զինուրովը հանդիսանում է «Հայաստան. հազարամյակների ուղի» եռահատորյակի հեղինակը, որի առաջին հատորը լուսաբանում է նաև այն ճակատամարտերը, որոնք ներկայացված են Արմեն Այվազյանի գրքում: «Ես Հայաստանի պատմությամբ վաղուց եմ զբաղվում: Ներկայացվող գիրքը ես կարդացել եմ մատիտը ձեռքիս: Սա դասական ակադեմիական ուսումնասիրություն է»,– պատմեց եռահատորյակի հեղինակը:

«Երբեմն ինձ թվում է, որ Արմեն Այվազյանը ռազմական գործիչ է, քանի որ գիրքը շատ բանիմացորեն է շարադրված ռազմական գործի տեսանկյունից: Այն պատմականորեն ճիշտ է և օբյեկտիվորեն է գրված: Հենց դրանում է նրա գլխավոր արժեքը», – նշում է ռուսաստանյան սենատորը:

«Այս գրքի լույս ընծայումը իրադարձություն է ժամանակակից հայագիտության համար». իր տեսակետը բերեց շնորհանդեսի մեկ ուրիշ մասնակից` kavkazoved.info կայքի խմբագիր Անդրեյ Արեշևը: «Ռազմական պատմությունը ցանկացած ժողովրդի` առավել ևս հայերի համար, ինքնության վճռական բաղադրիչ է: Գրքի մեծ արժանիքներից է հանդիսանում հին Հայաստանի ռազմական պատմության, նրա տարածքային և վարչական կառուցվածքի, բնակչության քանակի մանրամասն վերլուծությունը»,– նշեց նա:

Հեղինակը այն ժամանակվա իրադարձությունների նկատմամբ իր հայացքը ներկայացնում է սառնասրտորեն ու առանց նախապատվությունների: Այն հայացք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի պատմության նկատմամբ ընդհանրապես, ինչը կարևոր է պատմության կեղծարարությանը հակազդելու տեսանկյունից, համարում է Անդրեյ Արեշևը:

«Արմենը զարմանալի մարդ է, նրա ամբողջ գործունեությունը կապված է Հայաստանի պատմությունը ներկայացնելու հետ: Նա իր գրքում վերլուծում է այն, ինչը տարբեր պատճառներով շրջանցում են ուրիշ հեղինակները, – իր տեսակետը ներկայացրեց քաղաքագետը: – Հեղինակը գրում է ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ դա թույլ է տալիս սեփական մտքերը ներկայացնել և ինտեգրվել ռուսալեզու և անգլիալեզու գիտական դպրոցներին»:

«Հատկանշական է, որ հեղինակի բոլոր հիմնավորումները կառուցված են լուրջ ապացուցողական հենքի վրա, ամեն մի եզրակացություն հաստատվում է փաստական հստակ համակարգով», – Արմեն Այվազյանի գրքի մասին իր տեսակետը ներկայացրեց իրավագիտության դոկտոր, Մոսկվայի «Բարշչևսկի և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի նախագահ Սամվել Կարախանյանը:

Փորձառու իրավաբանի խոսքերով, գիրքը ոչ միայն ակադեմիական հետաքրքրություն է ներկայացնում, այլ նաև ունի գործնական նշանակություն պետական շինարարության տեսանկյունից: «Այսօր, երբ Հայաստանը վերականգնել և ամրապնդում է իր պետականությունը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, այսպիսի ուսումնասիրությունների միջոցով ժամանակակից քաղաքական գործիչները հնարավորություն ունեն ուսումնասիրելու, թե պետական կառավարման, ռազմական և աշխարհաքաղաքական ինչպիսի հնարավորություններ ուներ Հայաստանը», – նշեց Կարախանյանը:

Իր հերթին Արմեն Այվազյանը պատմեց այն դժվարությունների մասին, որոնց ինքը հանդիպել է մենագրությունը շարադրելիս: Հայաստանի ռազմական պատմությունը հազարավոր ճակատամարտեր ունի: Այվազյանը հայ-պարսկական պատերազմը ընտրել է իբրև «փորձնական» ծրագիր:

«Ոչ միայն այս պատերազմն էր սպասում իր ուսումնասիրողին այս ծավալով և տեսանկյունով, այլ նաև Հայաստանի պատմության շատ ու շատ ռազմական էջեր դեռ կարոտ են հետազոտման, – համարում է մենագրության հեղինակը: – Հույս ունեմ, որ իմ ուսումնասիրությունը իր ներդրումը կունենա, և նրանք, ովքեր կհետևեն ինձ, կարող են օգտվել այն նյութերից ու մեթոդաբանական ու տերմինաբանական բազայից, որը ներկայացված է այս գրքում»:

Արմեն Այվազյանի «449-451 թթ. հայ-պարսկական պատերազմի ռազմական պատմությունը» գիրքը 2016 թվականին լույս է տեսել Սանկտ-Պետերբուրգի «Ալետեյյա» հրատարակչությունում, իսկ այս տարի վերջինիս կողմից այն վերահրատարակվել է:

 Ելենա Խրուսալևա

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *