Գյուղացու ջուրը կվաճառեն գյուղացու վրա

ջրի

Արագածոտնի մարզի Ակունք գյուղի բնակիչներիցԼՈՒՐԵՐ.com-ը բողոքներ ստացավ այն մասին, որ գյուղի հարակից բնական աղբյուրից բխող խմելու ջրի վրա ջրաչափ են ուզում տեղադրել։ Ակունքի բնակիչը մեզ հետ զրույցում պատմեց, որ խմելու ջրի բնական աղբյուրը գտնվում է գյուղի տարածքում և դեռ խորհրդային ժամանակաշրջանից գյուղի բնակիչների անձնական միջոցներով աղբյուրի վրա կառուցվել են ջրավազաններ և ջուրը խողովակներով հասցվել է բնակիչներին։

Մեր զրուցակիցը նշեց, որ ժամանակին գյուղը գրեթե կայացած է եղել անասնապահության ոլորտում, հազարավոր անասուններ են ունեցել, իսկ այժմ անասնապահության ոլորտում մասշտաբների լուրջ նվազում է նկատվում. «Սպառման շուկան գրեթե իսպառ բացակայում է, մի կերպ յոլա ենք գնում, իսկ սրանք ուզում մեր ջրի վրա ջրաչափ դնեն»։

Թեմայի շուրջ զրուցեցինք Ակունքի գյուղապետ Հենրիկ Կնյազյանի հետ, ով ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր ունեցած ինֆորմացիան։

Չնայած դրան՝ գյուղապետը դրական գնահատեց այդ երևույթը։ Այսինքն՝ նրա համար ընդունելի է, որ գյուղացին պետք է այսուհետ գումար վճարի բնական աղբյուրից ստացած ջրի դիմաց։

«Ավելի լավ կլինի, քանի որ, աղբյուրն էլ մեր պապական աղբյուրն է, բայց գյուղի ջուրը ճնշում չունի, 10 տուն կա, որոնց չի հասնում ջուր»,-ասաց գյուղապետը։

Կապ հաստատեցինք նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ իրենք չեն սպասարկում Ակունք գյուղը և առաջիկայում նմանատիպ ծրագրեր չունեն։

Արդյունքում մենք չգտանք մի անձ, ով իրավիճակի վերաբերյալ պատասխանատվություն կստանձնի։ Գյուղական համայնքներում հաճախ են պատահում, երբ կա գործողություն, սակայն բոլորը հերքում են իրենց կապը գործողության հետ։ Դա է պատճառը, որ գյուղացին հաճախ ստիպված է լինում թողնելով իր առօրյա հոգսերը, դուրս գալ փողոց և ճանապարհներ փակել։ Մեկ բան հստակ է, նմանատիպ գործելակերպի շարունակական բնույթ կրելու միակ հետևանքը գյուղական համայնքների դատարկումն է ու գյուղատնտեսության քայքայումը։

Ի դեպ, Ակունք գյուղում սեպտեմբերի 18-ին տեղի կունենա գյուղապետի ընտրություն, գյուղապետը նշեց, որ ամենայն հավանականությամբ, կվերընտրվի ու կշարունակի պաշտոնավարումը։ ՀՀ գյուղական համայնքներում նմանատիպ զավեշտալի պատմություններ շատ կան, և դրա միակ պատճառը գյուղացու վճռական խոսքի բացակայությունն է։

Միքայել Նազարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *