Գալիք տարում ԱՄՆ-ի համար առավել մեծ սպառնալիք կներկայացներ առճակատումը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկրների միջեւ կամ սուր ճգնաժամը Կորեական թերակղզում: Դեկտեմբերի 13-ին «2017 թվականին ուշադրություն պահանջող առավել լուրջ սպառնալիքները» զեկույցում այս կարծիքն են հայտնել Նյու Յորքի Միջազգային գործերի խորհրդին կից Կանխիչ գործողությունների կենտրոնի փորձագետները:
2008 թվականից նրանք կանոնավոր կերպով կազմում են այն հակամարտությունների ցանկերը, որոնք կարող են սրվել տարվա ընթացքում: Այս տարի փորձագետներն ընդհանուր առմամբ առանձնացրել են յոթ այդպիսի պոտենցիալ «թեժ կետեր»:
Այն «հակամարտությունների» ցանկում, «որոնց կանխումը պետք է գերակայություն լինի 2017 թվականին» զեկույցը կազմողներն առաջին տեղում դրել են «կանխամտածված կամ ոչ կանխամտածված առճակատումը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ, որի պատճառը Ռուսաստանի համառ քաղաքականությունն է Արեւելյան Եվրոպայում»: Երկրորդը հնարավոր ճգնաժամն է Կորեական թերակղզում:
Աֆղանստանում բռնության ծավալումը եւ անկայունության առաջացումը փորձագտները դնում են եկող տարում առավել լուրջ սպառնալիքների ցանկի երրորդ տեղում: Այնուհետեւ դրանում նշված են Թուրքիայի հակամարտությունը քրդական զինված խմբավորումների հետ, Սիրիայում հակամարտության սրումը, հզոր կիբեռգրոհն ԱՄՆ-ում ենթակառուցվածքի օբյեկտի վրա եւ ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչական գործողությունը՝ մեծաթիվ զոհերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: