Ո՞վ հաթաթա տվեց ՀՀԿ-ին…

timthumb (2)

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ թանկացումներին եւ իրենց կուսակցության որոշ անդամների՝ աղքատ խավի վերաբերյալ արված վիրավորական հայտարարություններին: Էդուարդ Շարմազանովը նաեւ շեշտեց. «ՀՀ քաղաքացու վերաբերյալ որեւէ պատգամավոր, որեւէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված՝ նման հայտարարություն անելու, թեկուզ դա լինի անզգույշ հայտարարություն: «Այդ առումով իմ ափսոսանքն եմ հայտնում»: Նրա ձեւակերպմամբ, ՀՀ բոլոր քաղաքացիները մեր երկրի ամենամեծ հարստությունն են:
Նշենք, որ մինչ երեկվա ԳՄ նիստը, հանրապետականների շրջանում անորոշություն էր տիրում. չկար հստակ կարծիք կամ գնահատական կուսակից ընկերների հայտարարությունների վերաբերյալ: Եղան մարդիկ, ովքեր նույնիսկ պաշտպանեցին Հակոբյանի և նրան միացած Հարությունյանի կարծիքը: Իսկ ինքը՝ Հակոբ Հակոբյանը անգամ չէր էլ պատրաստվում ներողություն խնդրել: Բայց արի ու տես՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո տրամադրությունները և տոնայնությունը իշխող կուսակցությունում շեշտակիորեն փոխվեցին: Այժմ, պարզվում է՝ մենք բոլորս երկրի ամենամեծ հարստությունն ենք, դա թերևս մոտ է իրականությանը, քանի որ ՀՀԿ կառավարման երկար ու ձիգ տարիների ընթացքում հարստության մնացյալ տեսակները թալանվել և յուրացվել են:
Այս փոքր դրվագը լիովին բացահայտում է ՀՀԿ ներկա դիմանկարը: Մեկը մտածում է բոլորի փոխարեն: Եվ մտածում է, որովհետև կամ հասկանում է, որ իր շրջապատում մտածելու տաղանդով և ունակությամբ քչերն են օժտված, կամ՝ տեսնում է, որ նրանք բոլորը ձեռքերը լվացել ու հույսը դրել են իր մտածելու վրա: Երեկոյան Սերժ Սարգսյանը եկավ, խիստ տոնով ասաց՝ սիրուն չի, Հակո՛բ, ասաց, որ չի կարելի նման բաներ ասել, և կուսակցությունը ներողություն խնդրեց: Այս խմբակային ստրկական կեցվածքը մի բանի մասին է խոսում՝ ՀՀԿ-ում ստում են՝ ասելով, որ այստեղ դիկտատուրա չկա ու հարգում են բազմակարծությունը, որի հիման վրա են ընդունվում որոշումները:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *