Առուշանյանը իրավիճակից «քիչ արյունով» է դուրս գալիս…

timthumb (1)

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հետք»-ի հրապարակման հիման վրա վարույթներ է հարուցել և որոշում է կայացրել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին՝ նշանակելով 300 000 դրամ տուգանք: Նշենք, որ Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելուց հետո առաջին դեպքն է, երբ ոչ ճիշտ հայտարարագիր ներկայացնելու համար պաշտոնյային ենթարկում են վարչական պատասխանատվության: Հանձնաժողովը հաստատված է համարել Առուշ Առուշանյանի կողմից իր հայտարարագրում սխալ և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու փաստը:

Մասնավորապես այն, որ հայտարարագրի՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ» բաժնում բաժնեմասի, «Հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները» բաժնում շահաբաժնի տեսքով ստացված եկամտի վերաբերյալ տվյալները լրացված չեն եղել: Իհարկե ողջունելի է, որ հանձնաժողովն ի վերջո անցավ իր բուն պարտականությունների կատարմանը, մյուս կողմից, սակայն, մտավախություն կա, որ կստացվի այնպես, որ վարչական տուգանքի մուծումը կդառնա սովորական վարքագծի նորմ եւ բարձրաստիճան պաշտոնյան նախապատվությունը կտա այդ տուգանքը վճարելուն, բայց՝ չներկայացնելով իրական հայտարարագիրը կամ կներկայացնի սխալ, կեղծ տվյալներով լրացված հայտարարագիր:

Մյուս կողմից՝ պետք է առաջ քաշվի նաեւ անբարեխիղճ պաշտոնյայի հետագա պաշտոնավարման հարցը, հատկապես այս պարագայում, երբ Առուշանյանը ոչ միայն սխալ հայտարարագիր էր ներկայացրել՝ ըստ էության՝ փորձելով մոլորության մեջ գցել համապատասխան մարմիններին, այլ նաև՝ լինելով պաշտոնակատար՝ անհամատեղելի պաշտոն է զբաղեցրել՝ ունենալով մի շարք բիզնեսներ: Նրան է պատկանում շինանյութի մեծածախ առևտրի մեջ մասնագիտացած «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը: Ընկերությունը հիմնադրվել է 2008թ. և հիմնադրման օրվանից մինչ հիմա, Առուշ Առուշանյանն է զբաղեցնում ընկերության տնօրենի պաշտոնը: Մինչդեռ այդ պաշտոնն անհամատեղելի է համայնքապետի ղեկավարի պաշտոնի հետ: Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում: Ստացվում է՝ Առուշանյանը իրավիճակից «քիչ արյունով» է դուրս գալիս…

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *