ՍԴՀԿ Սփյուռքի կառույցները առաջիկա ընտրություններին թիկունք կկանգնեն «Ծառուկյան» դաշինքին

Gagik-CarukyanՍԴՀԿ Սփյուռքի կառույցները առաջիկա ընտրություններին թիկունք կկանգնեն «Ծառուկյան» դաշինքին

Պարոն Սաչլյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՍԴՀԿ-ն կմասնակցի «Ծառուկյան» դաշինքով: Արդյոք Ֆրանսիայի Ձեր վարչությունը խնդիր չի՞ տեսնում ընտրություններին մասնակցելու այս ձևաչափի հետ կապված:

— ՍԴՀԿ-ն, լինելով քաղաքական ուժ, նպատակ ունի ժողովրդին առաջարկել ընկերային և հասարակական ծրագրեր: Եվ ուրեմն շատ բնական եմ համարում ՍԴՀԿ-ի մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում ընտրական գործընթացների միջոցով: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի լայն դաշինքին, անշուշտ, դեռևս ՍԴՀԿ-ի հետ բանակցությունների փուլում են, բայց կարծում եմ, որ այն դաշինքը, որը պատրաստ է ընդունել ՍԴՀԿ-ի գաղափարախոսությունը և ծրագրերը, որոնք վերաբերում են ընկերային առաջարկներին, ընդունելի և  ողջունելի է: Իսկ թե ինչ վերջնական տեսք կունենա այդ դաշինքը՝ անշուշտ, կտեսնենք առաջիկայում:

— ՍԴՀԿ-ն, օրինակ, 2008-ին ընդդիմություն էր, մարտի 1-ին ժողովրդի կողքին էր մինչև 2010 թվականը: Նախկին քաղաքական կուրսից 180 աստիճան շրջադարձային չե՞ք համարում այս դաշինքը:

— Կուսակցությունն ունի իր ծրագրերը, որոնք առաջարկում է, իսկ այն քաղաքական ուժերը կամ դաշինքները, որոնք կկիսեն այդ գաղափարները, Հնչակյան կուսակցությունը կմիանա: Նախևառաջ Հնչակյան կուսակցությունը ինքնուրույն ուժ է, ունի իր ծրագիրը, իր առաջարկները, մտքերը: Եվ որ ուժերը հետևեն այդ գաղափարներին և աջակցեն՝ Հնչակյան կուսակցությունը կունենա իր ասելիքը, իր ձայներով կուսակցությունը կմիանա:

— Մի՞թե կարծում եք՝ Ծառուկյանը հետևելու է ՍԴՀԿ գաղափարներին, ծրագրերին և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր կանի: Շատերի բնորոշմամբ՝ օլիգարխները հավաքվում են «Ծառուկյան» դաշինքում, այդ դեպքում ի՞նչ գործ ունի այնտեղ ՍԴՀԿ-ն:

— Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կամ դաշինք կարիք ունի տարբեր ոլորտներում ունենալու պլատֆորմ: Եթե դաշինքում ընկերային, ժողովրդային, ընկերվար գաղափարները Հնչակյան կուսակցությունն ինքն ամբողջացնի, և  այդ դաշինքն ընդունի կուսակցության առաջարկած մտքերը՝ ինչո՞ւ ոչ: Ես որևէ արգելք և խոչընդոտ չեմ տեսնում: Կարևորը քաղաքական կամք ունենալն է և աշխատելը, որ այդ ծրագրերը կյանքի կոչվեն՝ ապահովելով ժողովրդին ընկերային և ժողովրդավար մթնոլորտ:

— Կարծում եք՝ «Ծառուկյան» դաշինքը մինչև վե՞րջ կգնա՝ հաշվի առնելով երկու տարի առաջ տեղի ունեցածը:

— Գիտեք, քաղաքականությունը ոչ ճշգրիտ գիտություն է, տվյալներն ամեն րոպե փոփոխվում են: Եվ քաղաքական գործչի պատասխանատվությունն է հետևել այդ փոփոխություններին,  հետևելով՝ ճշգրիտ դատել և որոշումներ կայացնել: Երկու տարի առաջ քաղաքական կացությունը և ներկա կացությունը տարբեր են, խոհեմ քաղաքական գործիչը կայացնում է իր որոշումները և հստակեցնում իր անելիքները:

— Կարծո՞ւմ եք՝ձեր կուսակցությունը եթե առանձին մասնակցեր, նվազագույն անցողիկ շեմը չէ՞ր կարողանա հաղթահարել: Այսինքն՝ ռեալ գնահատե՞լ եք ձեր հնարավորություննե՞րը:

— Գիտեք, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ծրագիր եք ներկայացնում, և այդ գաղափարներն իրականացնելու համար ինչ միջոցներ կան ընտրված: Այսինքն՝ երբ միտքը, ծրագիրը, միջոցը միանան իրար, բոլոր հարցերը կհարթվեն: Մեկ անգամ կուսակցությունը մասնակցեց ընտրություններին առանձին իր ցուցակով: Դժբախտաբար, արդյունքները գոհացնող չէին այլ պատճառներով: Հիմա  քանի որ ընտրությունները որոշված են ապրիլի 2-ին, և կուսակցությունը, անշուշտ, ուսումնասիրել է մեր կուսակցության հայաստանյան անդամների առաջարկները, կարծում եմ՝  Հնչակյան կուսակցությունը պետք է անպայման մասնակցեր ընտրություններին, իսկ թե ինչ  կերպ՝ դաշինքով, թե առանձին ցուցակով, կարծում եմ՝ սա Հայաստանի վարչության որոշումն է, և մենք էլ Սփյուռքից պետք է կարողանանք թիկունք կանգնել իրենց որոշումներին:

— Ձեր բոլոր կառույցները համակարծի՞ք են այս ձևաչափով ընտրություններին մասնակցելուն:

— Անշուշտ:

— Իսկ ի՞նչ սպասումներ կան առաջիկա խորհրդարանական ընտրություններից:

— Ժողովուրդն ինչպես որոշեց, այդպես էլ կլինի, քանի որ ընտրությունները ժողովրդի համար են, և ժողովուրդն ինքն  է որոշում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *