Լայն կոնսոլիդացիան շարունակվում է…

timthumb (39)Գագիկ Ծառուկյանի վերադարձով էականորեն փոխվեց երկրի ներքաղաքական ներկապնակը՝ դառնալով ավելի վառ և հետաքրքիր: Լճացումը կարծես թե իր տեղը զիջում է ակտիվ քաղաքական գործընթացներին, որոնց կիզակետում հենց Ծառուկյանի ձևավորվող դաշինքն է: Ինչպիսի տեսք և կազմ այն կունենա, դեռ վաղ է ասել: Անշուշտ, արդեն իսկ պարզ է այն աննախադեպ կոնսոլիդացիան, որը տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ: Մինչ օրս համագործակցության պատրաստակամություն հայտնած ուժերը և անհատները աչքի են ընկնում իրենց անբասիր անցյալով և երկրին ծառայելու պատրաստակամությամբ:

Հենց նման ուժերի միավորումն է, որ այսչափ խառնում է իշխանական ուժերի նախանշած ծրագրերը: Եթե մինչ Ծառուկյանի վերադարձը իշխանություններն ունեին բոլոր հնարավորությունները՝ գործի դնելու սեփական ավանդական միջոցները և ընտրությունների արդյունքում իրենց անհրաժեշտ պատկերը ստանալու, ապա Ծառուկյանի դաշինքի ստեղծումը լուրջ հարված է այդ ծրագրերին:

Բնականաբար, լայն դաշինքը, որը կստեղծվի Ծառուկյանի շուրջ՝ ի զորու կլինի կանխելու իշխանական ուժերի կողմից նման մեխանիզմների գործադրումը: Միասնական և հզոր ընդդիմության բացակայությունն է, որ մինչ օրս իշխանություններին հնարավորություն էր ընձեռում ընտրական փուլում կիրառել հենց այդ գործելաոճը: Այժմ այդ ուժը հստակ ուղենշվում է՝ ի դեմս Ծառուկյանի կազմավորվող դաշինքի: Այդ է պատճառը, որ իշխանություններն իրար են անցել՝ փորձելով իրենց կողմը գրավել նախկին և ներկա հանրապետականներին, մարզային, թաղային հեղինակություններին:

Որքանով վերջիններիս կհաջողվի օգտակար լինել գործող իշխանությունների վերարտադրության հարցում՝ դժվար է կանխատեսել: Եթե առաջ հույս կար, որ «Հանրապետականը» հրաժարվելու է «ձայն բերող», օդիոզ ֆիգուրներից, և ասպարեզ են բերվելու ընտրակեղծարարության փորձ չունեցող անձինք, ապա այժմ կարող է «դարձ ի շրջանս յուր» կատարվել և նորից դիմեն «հին ընկերների» օգնությանը:

Սակայն այն, որ իշխանություններն այլևս չունեն մանևրելու նախկին հնարավորությունները՝ ակնհայտ է: Ծառուկյանի դաշինքի ձևավորումը իշխանությունների՝ օրենքից դուրս գործելու հնարավորությունները հասցնում է մինիմումի, եթե դրան ավելացնենք այն փաստը, որ Ծառուկյանի շուրջ կոնսոլիդացիան օր-օրի ավելանում է, իսկ իշխանական ճամբարում ավելանում են միայն ներքին հակասությունները և ամբիցիաների պայքարը, դժվար չէ հասկանալ՝ ինչ հետևանք կարող է այս ամենն ունենալ այն իշխանությունների համար, որոնք սովոր են՝ «խփեն-ինչքան ուզեն»:

«Ծառուկյան դաշինքի» ձևավորվելը խառնել է նաեւ մյուս բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը. գրեթե բոլոր թիմերում՝ և՛ «Հայկական վերածնունդ»-ում, և՛ «Ելքում», և՛ ՀՅԴ-ում՝ պատային իրավիճակ է: Ընտրություններից առաջ փոխվել է նաև ընդհանուր տրամադրությունը, սկսվել է նաև ռեյտինգային թեկնածուների կազմի վերանայման գործընթացը: Այդ ամենն, անշուշտ, պայմանավորված է Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալով, այն պարագայում, երբ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ճամբարը մինչև վերջ հույս էին տածում, որ դա իրականություն չի դառնա:

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *